.jpg)
Նարինե Սուլթանյան. Ամուսնուս նվերները գերազանցում են սպասելիքներս. Bravo.am
Դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Ամանորն իր ընտանիքում սկսվում է ճամպրուկային տրամադրությամբ:
«2014-ը դիմավորել ենք ծովափնյա երկրում: Դա միայն իմ նախասիրությունը չէ. աղջիկս նույնպես շատ է սիրում ծով և մինչ մեկնելն ամեն առավոտ հարցնում է` երբ ենք ճամպրուկները հավաքելու: Վերադարձից հետո պարտադիր այցելում ենք մեր բարեկամներին և ընկերներին»,- ասել է նա:

Նարինեն տոնի հետ կապված մանկության հիշողություններով է կիսվել.
«Իմ Ամանորը սկսվում էր դեկտեմբերի 28-ից, երբ տատիկս իր բոլոր երեխաների համար խմորեղեն էր թխում: Հիշում եմ` ինչպես էի հարիչով հարում պատրաստվող թխվածքի խմորը: Շատ գունեղ էր ամեն ինչ, բարեկամների հետ հավաքույթները ուրախ էին անցնում, բայց ամենից շատ տպավորվել են Թամանյանի արձանի շուրջ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների պատրաստած սառցե արձանիկները, հատկապես` հսկա վիշապը: Երեխաներով դուրս էինք գալիս սահելու այդ տարածքում և զգուշորեն շրջանցում էինք քանդակները»:

Պարզվում է` դերասանուհի-հաղորդավարուհին փոքր տարիքում երազել է գեղասահորդ դառնալ և ամեն տարի Ձմեռ պապիկից համապատասխան պարագաներ է խնդրել.«Դա միակ դեպքն է, որ նա ինձ մերժել է: Կարծում եմ` ծնողներիս զգուշությունը արդարացված է: Իսկ այսօր Ձմեռ պապիկի դերում ամուսինս է, ում նվերները միշտ գերազանցում են սպասելիքներս»:
Նարինե Սուլթանյանը խոստովանում է` դստեր ներկայությունն էլ ավելի է աշխուժացնում տոնի զգացողությունը.
«Նախքան մայրանալս ամեն տարի խաղում էի ամանորյա ներկայացումներում, հիմա էլ բալիկիս հետ տեղափոխվում եմ մանկություն, երբ տեսնում եմ նրա հիացմունքը: Միլան ամեն օր նվեր է ուզում Ձմեռ պապիկից, այս դեպքում առաջնայինը սահնակն էր»:

Հաղորդավարուհու համար նախորդ տարին աշխատանքային առումով բավական հագեցած էր` «Նանե» հեռուստածրագիր, դասախոսություններ Թատերական ինստիտուտում, իսկ մնացած առումներով հետևյալ համոզմունքն ունի.
«Եթե չկան կորուստներ, ապա դա արդեն ձեռքբերում է: Հասկացել եմ, որ ուրախանալ կարելի է ամեն ինչից. առավոտյան արթնանալիս, երբ տեսնում եմ հարազատներիս առողջ և ժպտերես, իսկ մնացածն իմ ձեռքբերումն է: Մեզնից յուրաքանչյուրն ապավինում է լուսավոր որևէ կետի, երեխաների համար դա Ձմեռ պապն է, մեծերի համար, թերևս, հավատն առ Աստված»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: