.jpg)
Արմեն Պետրոսյան. Սիրիայում բռնի դավանափոխությունը բացառել հնարավոր չէ
«Սիրիայի առանձին շրջաններում տեղի ունեցող որոշ գործընթացներից, կանխատեսվող զարգացումների՝ արդեն իսկ ուրվագծվող միտումներից, ինչպես նաև` այդ երկրից ստացվող տարաբնույթ, հաճախ իրարամերժ տեղեկատվությունից, սահմռկեցուցիչ կադրերից, տեսանյութերից կարելի է եզրահանգման գալ՝ այնուամենայնիվ, չի կարելի բացառել նաև այդ երկրում բռնի կերպով իսլամ պարտադրելու հնարավորությունը»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին մի շարք աղբյուրների, այդ թվում նաև հայկական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը՝ Սիրիայում իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների կողմից սիրիահայ երկու ընտանիքներին բռնի կերպով իսլամ ընդունելու պարտադրանքի, նույն պատճառով սիրիահայ երիտասարդի սպանության վերաբերյալ:
Ա. Պետրոսյանի կարծիքով՝ Արաբական Հանրապետության որոշ շրջաններում և հատկապես իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների կողմից վերահսկվող տարածքներում շատ հաճախ իշխանությունն իրականացվում է շարիաթի սկզբունքների հիման վրա. այս համատեքստում խաղաղ բնակչության նկատմամբ երբեմն իրականացվում են չափազանց բիրտ գործողություններ, կիրառվում են այնպիսի ծիծաղելի արգելքներ, ինչպիսին, ասենք հարսանիքների ընթացքում երգ-երաժշտության բացառումն է, կրուասանների վաճառքը և այլն: Հատկապես իրավիճակը բարդ է «ալ Կաիդային» հարող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կազմակերպության կողմից կառավարվող տարածքներում, որոնց գործողություններն իրենց դաժանությամբ ահ ու սարսափի մթնոլորտի ստեղծմանը զուգահեռ՝ նաև լուրջ դժգոհություններ են առաջացնում խաղաղ բնակչության մոտ՝ ընդհանուր հակակրանքի պատճառ դառնալով նաև հակակառավարական մյուս խմբավորումների նկատմամբ: Նաև վերոնշյալն է համարվում հիմնական պատճառներից մեկը վերջին օրերին Սիրիայի՝ հատկապես հյուսիսում և արևելքում մի շարք հակակառավարական խմբավորումների կողմից ԻՇԻՊ-ի դեմ վարվող կատաղի մարտերի:
«Ինչ վերաբերում է իսլամ պարտադրելու մասին լուրերին, պետք է նշել, որ դեռ անցյալ տարեվերջին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալները Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբի նահանգի 18 դրուզական գյուղերի բնակչությանն ընտրության առաջ էին կանգնեցրել՝ ընդունել իսլամ, կամ մեռնել, իսկ դրուզների սրբավայրերի տեղում փորձել են մզկիթներ կառուցել: Կարծում եմ՝ այս հանգամանքն արդեն բավական է՝ համապատասխան հետևություններ կատարելու համար»,- հավելեց արաբագետը:
Անդրադառնալով հայ ընտանիքներին իսլամ պարտադրելու և իսլամ ընդունելուց հրաժարված հայ երիտասարդի սպանության մասին լուրերին՝ Պետրոսյանը նշեց. «Նախ և առաջ կոչ եմ անում՝ Սիրիայից ստացվող ցանկացած տեղեկության վերաբերել ամենայն զգուշությամբ և պատասխանատվությամբ, առաջին հերթին ճշտել, ստուգել հնարավոր միջոցներով և հետո միայն ներկայացնել հանրության դատին: Այս հանգամանքը չափազանց կարևոր է՝ նախ Սիրիայից դուրս և հենց այդ երկրում մեր հայրենակիցների շրջանում խուճապ չառաջացնելու, և ընդհանրապես, խրթին վիճակում գտնվող սիրիահայ համայնքին առավել չվնասելու համար, քանի որ ցանկացած հակամարտության դեպքում ապատեղեկատվությունն ավելի շատ է, քան ճշգրիտ ինֆորմացիան: Ինչ վերաբերում է բուն տեսանյութին, ապա դրանից չափազանց դժվար է դատելը դրան կցված մեկնաբանության ճշմարտացիությունը, հատկապես այն, որ իսլամ ընդունած անձն ազգությամբ հայ է, կամ որ երկու ընտանիք է ընդունել, առավել ևս, որ նրանց դա պարտադրվել է: Իսկ հայ երիտասարդի սպանության մասին լուրերն էլ դեռևս պաշտոնապես հաստատված չեն, բայց աղմուկն առկա է»:
Նախորդող հրապարակում՝ Սիրիայում հայերի բռնի դավանափոխության մասին լուրերը սուտ են