Վենգեր. «Ռեալի» հետ չենք քննարկել որևէ ֆուտբոլիստի տրանսֆեր»
10/01/2014 18:42

Վենգեր. «Ռեալի» հետ չենք քննարկել որևէ ֆուտբոլիստի տրանսֆեր»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի մասին և մեկնաբանել է այն լուրը, որ իր թիմը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Մեզ համար ոչինչ չի փոխվել: Մենք բաց ենք հնարավոր համալրումների համար, և եթե որևէ հետաքրքիր տարբերակ հայտնվի, ապա կզբաղվենք այդ հարցով: Դա կարող է լինել նաև վարձավճար: Բայց մենք Մորատայի հետ կապված բանակցություններ չենք վարում: «Ռեալի» հետ չենք քննարկել որևէ ֆուտբոլիստի տրանսֆեր:

Չեմ ուզում կոնկրետ անուններ նշել: Հիմա մեզ համար կարևոր է «Աստոն Վիլլայի» հետ խաղին նախապատրաստվելն ու հաղթելը: Այն ֆուտբոլիստները, որոնց անունները շրջանառվում են մամուլում` որպես «Արսենալի» հնարավոր թեկնածուներ, երկուշաբթի օրը կայանալիք խաղում, միևնույն է, չեն կարողանա օգնել մեզ: Կխաղան նրանք, ովքեր հիմա հանդես են գալիս լոնդոնյան թիմում:

Տրանսֆերային պատուհանը շեղում է ուշադրությունը, և ես դա չեմ ողջունում: Կարծում եմ, շատ ավելի լավ կլիներ, եթե հունվարին տրանֆերային պատուհան չլիներ: Այդ ժամանակ թիմերը մրցաշրջանը կսկսեին և կավարտեին նույն կազմով: Եվ դա ազնիվ կլիներ, եթե, իհարկե, ֆուտբոլիստներից որևէ մեկի մոտ չսկսվեր վնասվածքների համաճարակ»,- նշել է Վենգերը:
 

Վենգեր. «Ռեալի» հետ չենք քննարկել որևէ ֆուտբոլիստի տրանսֆեր»