«Փողին մուննաթ» վիճակ է… ո՞ւր է կորել Արփինե Բեկջանյանը. Life.panorama.am
11/01/2014 16:10

«Փողին մուննաթ» վիճակ է… ո՞ւր է կորել Արփինե Բեկջանյանը. Life.panorama.am

Ժամանակը միշտ թելադրում է իրենը… Ընտրում է իր սիրելիներին ու կենտրոնանում նրանց վրա… Life.panorama.am-ի զրուցակիցը մեր ժամանակի թոհուբոհում «կորած», 90-ականներին պահանջարկ ունեցող երգչուհի Արփինե Բեկջանյանն է, ում մասին վաղուց ոչ մի տեղեկություն չունեինք: Ինչո՞վ է զբաղվում, ինչո՞ւ է «կորել»՝ կպատմի մեզ հենց ինքը…

-Վաղուց Ձեր մասին տեղեկություններ չունենք, ինչո՞վ եք զբաղվում:

-Երգում եմ ակումբներում… Ընտանիք, երեխաներ…

-Նոր երգեր ձայնագրելու մտադրություն չունե՞ք:

-Այս տարի պատրաստվում եմ, ուղղակի ուժ ու հավես պետք է գտնեմ…

-Ինչո՞ւ հավես չունեք…

-Երբ երկար ժամանակ լռում ես, հետո դժվարանում ես խոսել… Ինձ մոտ տևական ժամանակ նման վիճակ է… Ունեմ արդեն պատրաստի երգեր, որոնք 10 տարի է՝ ստուդիայում են… Չեմ խոստանում, որ CD կթողարկեմ, բայց այս տարի կփորձեմ գոնե մեկ երգ ու տեսահոլովակ իմ երկրպագուներին ներկայացնել: Նրանցից հաճախ եմ լսում, որ նորությունների են սպասում…

 -Որոշե՞լ եք՝ ում հետ աշխատել…

-Երևի ինձ ամուսինս և իր ռեժիսոր ընկերները կօգնեն, ովքեր միշտ իրենց աջակցությունն են առաջարկում, անգամ պատրաստ են անվճար տեսահոլովակ նկարահանել… Տոնական կրքերը մի քիչ հանդարտվեն, երևի աշխատանքային ռիթմի կանցնեմ…

-Արփինե, Ձեր սերնդակիցները, կարծես, միանգամից հեռացան, «անհետացան» ասպարեզից: Ինչո՞ւ:

-Պատճառը մեկն է. սա մրցույթ է, քաղաքականացված մրցույթ…

-Բայց դուք ի՞նչ կապ ունեք քաղաքականության հետ:

-Այս երկիրն այն երկիրն է, որ ցանկացած բնագավառ քաղաքականացնում է… Այդ տեսակետի պատճառով տուժել են ոչ միայն արվեստագետներ, այլև վիրաբույժներ… Իմ գործընկերներից շատերն իրենց ուղղակի «դուրս գցեցին» Հայաստանից… Այսօր ինչ էլ անես, հեռուստատեսությամբ իրենց «հավաքած» երգիչ-երգչուհիներն են ցուցադրվելու… Միգուցե ծանոթի միջոցով ինչ-որ բան ստացվի… Բայց գումար տալ չեմ պատրաստվում: Այդ գումարը չեմ կտրի իմ երեխայի բերանից ու իրենց տամ, որ ինձ ցույց տան… Մեկ է, 1-2 անգամ կցուցադրեն ու կսկսեն «հին երգը երգել»…

-Այսօր շոու-բիզնեսի ներկայացուցիչները բավական մեծ գումարների հետ գործ ունեն: Ձեր ժամանակ է՞լ էր այդպես…

-Նախ ասեմ՝ մենք ինչ անում էինք, սիրով էինք անում, ոչ թե հանուն փողի… Մեր ժամանակներում նման ահռելի գումարներ չէին շրջանառվում, ավելի մատչելի էր մեզ համերգների հրավիրելը: Ճիշտ է, այն ժամանակվա համար էլ այդ թիվն էր լավ թիվ, բայց ոչ այսքան… Հիմա կարող են պահանջել և ունենալ այդ գումարը, որովհետև իրենք եթերներից չեն իջնում: Չեմ կարծում, որ հիմա մեզ այդ կարգի գումարներ վճարեն…

-Բայց դա բոլոր ժամանակների խնդիր չէ՞: Ձեր լավագույն տարիներին էլ դուք էիք անընդհատ եթերներում, և գուցե շատերը ձեզանի՞ց էին դժգոհում:

-… Հիմա հեշտ է փողով մի բան անելը… Այն ժամանակ ավելի շատ ուշադրություն էին դարձնում, որ արտիստը լինի հետաքրքիր ու ինքնատիպ… Տեսեք, մենք եթերում էինք մոտ 5 տարի, դադարի մեջ ենք 10-15 տարի, բայց մարդիկ դրսում մեզ տեսնելիս ճանաչում են, սիրում ու սպասում…Անընդհատ սովորում էինք: Իսկ հիմա, ով փող ունի, այդ փողը կտա ու կդարձնեն աստղ… Երկրորդ օրը նրանց հետ խոսել չի լինի… Մի խոսքով՝ «փողին մուննաթ» վիճակ է…

-Դուք և Ձեր ամուսինը՝ Արման Էլբերտը, միասի՞ն եք աշխատում:

-Որոշ ժամանակ միասին աշխատեցինք ակումբներում, հետո նա ավելի լուրջ նախագծեր ձեռնարկեց… Հիմա ORT-ից պատվերներ է անում, համագործակցում է Կոնստանտին Էռնստի միջոցով… Թեև ասեմ՝ իր մոտ էլ հիասթափված վիճակ է: Իր կարգի վոկալիստը ոչ մի ձև տեղ չունի այստեղ…

 

-Բայց մի շրջան բավական ակտիվ էր, նույնիսկ Հանրային հեռուստաընկերության նախագծերին էր մասնակցում:

-Դա այն շրջանն էր, երբ հեռուստաընկերությունում ուներ 1-2 աշխատող ընկերներ…

-Փաստորեն, ծանոթի գործոնն էր…

-Բա, տեսնո՞ւմ եք… Միայն ու միայն ծանոթի միջոցով… Ես դեմ չեմ իմ կոլեգաներին, ուրախ եմ նրանց հաջողությունների համար, բայց դրվածքն է սխալ…

-Ասացիք, որ շատերը հեռացան… Դուք չե՞ք մտածում այդ մասին:

-Երկու անգամ հեռացանք… Բայց վերադարձանք… Գրին քարտ ունենք, Ամերիկայում բնակվելու հնարավորություն ունենք… Բայց կարոտը մեզ երկու անգամ հետ բերեց հայրենիք… Սիրում ենք մեր երկիրը… Կփորձենք այս տարի որևէ բան անել, եթե մոտեցումը նույնը լինի՝ հաջորդ գնալը անվերադարձ կլինի… Դեռ հույսներս չենք կորցնում, թեև «թունելի վերջում լույս չի նշմարվում»…

-Արփինե, ակումբում աշխատելը եկամուտ ապահովո՞ւմ է:

-Միջին, ոչ այնպես, ինչպես ռեստորաններում. վատից լավ է, շատից՝ քիչ…

-Իսկ ռեստորանում ինչո՞ւ չեք երգում:

-Չեմ ցանկանում, այնտեղ մասսան բոլորովին այլ է, այլ երաժշտություն է պատվիրում, լսում: Ես իմ սկզբունքներից դուրս չեմ գա, չեմ երգի այդ 6/8-երը, ինչն արեցին իմ կոլեգաներից շատերը… Բայց ես իրենց հասկանում եմ, գումար աշխատելու միջոց է: Մարդիկ պետք է ապրեն, չէ՞…

-Բալիկներ ունե՞ք:

-Այո, երկուսն են…Աղջիկս՝ Էրիկան, փետրվարին կդառնա 10 տարեկան, տղաս՝ մարտին՝ 5 տարեկան: Աղջիկս սովորելու հետ սեր չունի, բայց արվեստի նկատմամբ սերը շատ մեծ է: Հրաշալի երգում է, նկարում ու պարում… Երգի առումով իսկը հայրիկն է, պարելու առումով ինձ է նման: Լավ պլաստիկա ունի: Ես էլ պարուհի եմ եղել, մարմնամարզությամբ եմ զբաղվել…

 

-Աշխատում եք երեկոյան, երեխաներով ո՞վ է զբաղվում:

-Արմանի ծնողները մահացել են… Ապրում ենք ծնողներիս հետ, նրանք շատ են օգնում երեխաների հարցում: Ասեմ, որ բոլորովին խելոք երեխաներ չեն, շատ չարաճճի են…

-Շնորհակալ եմ անկեղծության համար…

-Ես ևս շնորհակալ եմ, որ չեք մոռանում այն անհատներին, ովքեր այսօր այս ասպարեզում չկան, թեև դասվում են այս ոլորտին… Եզակիներից եք, որ ուշադրություն եք դարձրել… Ձեզ երկար ճանապարհ ու մեծ ընթերցարան…

 

 

«Փողին մուննաթ» վիճակ է… ո՞ւր է կորել Արփինե Բեկջանյանը. Life.panorama.am