Սոչիի Օլիմպիական խաղերում ահաբեկչության վտանգ այնուամենայնիվ կա
11/01/2014 19:12

Սոչիի Օլիմպիական խաղերում ահաբեկչության վտանգ այնուամենայնիվ կա

Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Պյատիգորսկ քաղաքում 2013 թ-ի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է  6 մարդ, որից մեկն ադրբեջանցի է: Պարզվել է, որ վերջիններիս կողմից ծրագրվել էր առավել ազդեցիկ ու մեծ ահաբեկչական գործողություն իրականացնել, քան  դեկտեմբերի 27-ի բռնարարքն էր, երբ մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով 3 հոգի զոհվեցին: Դրանից անմիջապես հետո երկու պայթյուններ իրականացվեցին Ռուսաստանի մեկ այլ՝ Վոլգոգրադ քաղաքում, որտեղ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ էին՝ 34 սպանված, հարյուրավոր վիրավորներ:

Ռուսաստանի Պյատիգորսկ և Վոլգոգրադ քաղաքներում 2013 թ-ի վերջում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, նույն շղթայի շարունակական մասն են կազմում: Սոչիում կայանալիք 2014 թ-ի XXII ձմեռային Օլիմպիական խաղերի մոտենալուն պես հաճախակի են դարձել ահաբեկչական բռնարարքները Ռուսաստանի հարավային շրջաններում, ինչը չի կարելի զուգադիպություն համարել:

Հյուսիսային Կովկասում խոր արմատներ գցած իսլամական ծայրահեղական հոսանքներն ամեն ինչ անում են, որպեսզի ձախողեն Սոչիում կայանալիք իրենց բնորոշմամբ «սատանայական» Օլիմպիական խաղերն ու լարվածության մեջ պահեն ողջ տարածաշրջանը:

Նման բռնարարքներով իսլամականները գրավում են հյուսիսկովկասյան իսլամական արմատական ներուժի, նորաթուխ իսլամական ծայրահեղականների, ինչպես նաև` այս տարածաշրջանում իսլամական արմատական ծայրահեղականության դոնորներ հանդիսացող արտաքին ուժերին, որոնց ուշադրությունից վերջին տարիներին որոշ չափով դուրս էր մնացել հյուսիսկովկասյան ջիհադական պայքարը՝ ռազմական և ֆինանսական օժանդակությունը հիմնականում ուղղելով մերձավորարևելյան տարածաշրջանում ակտիվացած իսլամականների պայքարին:

Կովկասում ջիհադական պայքարը շարունակող իսլամական ծայրահեղականների առաջնորդները, հատկապես «Իմարաթ Կաուկազ» իսլամական ծայրահեղական խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովն արդեն կոչով դիմել է ջիհադականներին` ահաբեկչական ակտիվություն ցուցաբերել Սոչիի Օլիմպիական խաղերի ընթացքում:

Պյատիգորսկում և Վոլգոգրադում ահաբեկչական գործողություններն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կամ մեքենաների պայթեցման եղանակով, ինչը մեծ ռեսուրսներ ու լուրջ պատրաստություն չի պահանջում, և վերոհիշյալ ահաբեկչական գործողությունները ցույց են տալիս, որ կոնկրետ գործողությունների ծրագրավորումն իրականացվում է հենց տեղում և լոկալ իսլամական ծայրահեղական բջիջների ուժերով, ինչն էլ ավելի անվերահսկելի ու վտանգավոր է դարձնում ահաբեկչությունը: Սա ևս մեկ հնարավորություն է` հիշեցնելու հյուսիսկովկասյան տարածաշրջանում իսլամականների ջիհադական պայքարի մասին, քանզի միջազգային հանրության ուշադրությունն այս օրերին սևեռված է լինելու հենց Ռուսաստանի և Սոչիի վրա: Այս համատեքստում իսլամականների կողմից XXII ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչական գործողություններ իրականացնելու սպառնալիքն առկա է, և ռուսական հատուկ ծառայությունները պետք է ամենայն լրջությամբ վերաբերվեն դրան: 

Սոչիի Օլիմպիական խաղերում ահաբեկչության վտանգ այնուամենայնիվ կա