«Անտագոնիզմի պայմաններում՝ Շանթի և մյուսների ազատության հարցը չի լուծվի»
11/01/2014 15:43

«Անտագոնիզմի պայմաններում՝ Շանթի և մյուսների ազատության հարցը չի լուծվի»

Հայհոյանքով՝ հեռու չես գնա: Անդրադառնալով Շանթ Հարությունյանի խափանման միջոցը փոխելու պահանջով երեկվա երթին` գրառում է կատարել Facebook-յան իր էջում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Առաջիններից մեկն եմ եղել, որ հրապարակավ արտահայտվել եմ Շանթ Հարությունյանի և նրա հետ կալանավորվածների ազատության օգտին: Ավելին, համարել և համարում եմ, որ Շանթն ու մյուսներն իրենց հարազատների հետ տեսակցելու իրավունք ունեն ու արգելքի կիրառումը՝ քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է:

Բայց կարծում եմ, որ այս խնդիրներին պետք է հասնել քաղաքակիրթ պայքարի շնորհիվ ու նաև համարում եմ, որ «քաղկալանավոր» եզրույթը պետք է զգուշությամբ օգտագործել, որովհետև Շանթն ու մյուսները դիմել են բռնության, իսկ նման դեպքերում՝ քաղաքականությունը դադարում է գոյություն ունենալուց:

Նաև զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր երեկ երթ էին կազմակերպել Շանթին աջակցելու համար:
Նրանց կարգախոսն ինձ հոգեհարազատ է, անհասկանալի է պայքարի մեթոդը:
Ճաղերի հետևից Շանթին դուրս է հանելու այսօրվա իշխանությունը, համենայն դեպս՝ նա է ցուցարարների պահանջների հասցեատերը:

Այդ համատեքստում՝ առնվազն տարօրինակ է, որ ցուցարաները սուլում ու վիրավորում են իրենց հետ հանդիպելու եկած արդարադատության նախարարին:

Անտագոնիզմի պայմաններում՝ Շանթի և մյուսների ազատության հարցը չի լուծվի, որովհետև ցուցարաների ագրեսիային կհետևի իշխանության նույնքան ցուցադրական, բայց անիմաստ «թասիբի» ցուցադրումը:
Եթե այս պարզ ճշմարտությունը ցուցարաները չեն հասկացել, ուրեմն՝ Շանթի պաշտպանությունն անհուսալի ձեռքերում է:

Եթե գիտակցված են գնում անտագոնիզմի, ուրեմն՝ Շանթի ազատությունը ոչ թե նպատակ է, այլ առիթ՝ աղմուկ բարձրացնելու և ինքնագովազդով զբաղվելու համար»,- գրել է Սուրենյանցը:

«Անտագոնիզմի պայմաններում՝ Շանթի և մյուսների ազատության հարցը չի լուծվի»