Իրանի և «5+1 խմբի» ստորագրած համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին
13/01/2014 14:34

Իրանի և «5+1 խմբի» ստորագրած համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին

Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված ժնևյան համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին «ՖԱՐՍ»-ին տված հարցազրույցում՝ տեղեկացրել է, որ օրերս Ժնևում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տեղակալ Հելգա Շմիդթի հետ ունեցած երկօրյա բանակցությունների ընթացքում քննարկվել են կողմերի միջև առկա որոշ տարաձայնություններին առնչվող հարցեր:

Տեղեկատվության համաձայն՝ բանակցող կողմերը միջուկային խնդրի լուծման գործում ներգրավված երկրների մայրաքաղաքներին են ներկայացրել բանակցության արդյունքները, որպեսզի հետագա անելիքների վերաբերյալ որոշում կայացվի:

«Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժնևյան համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, կսկսի արդեն գործել ս.թ. հունվարի 20-ից»,-հաղորդում է իրանական աղբյուրը:

Նշենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Իրանն էլ իր հերթին պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չհարստացնել:

Նախորդող հրապարակումներ՝ Տարածաշրջանային բլոգ. Դավոսը՝ Իրան-Արևմուտք գործակցության հնարավոր սկիզբ

Սպիտակ տունը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու` Սենատի որոշմանը

Ալի Աքբար Սալեհի. Իրանը ուրանը 20 տոկոսից ավելի հարստացնելու կարիք չունի

Իրանի և «5+1 խմբի» ստորագրած համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին