.jpg)
Տարածաշրջանային բլոգ. ԱՄՆ-ն «փրկեց» «ալ-Կաիդային» Եմենում
2013թ-ի դեկտեմբերի 5-ին Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվեց 52 մարդ, վիրավորվեցին` 162-ը: Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» (ԱԿԱԹ) իսլամական ծայրահեղ արմատական կառույցը, որը հանդիսանում է «ալ-Կաիդայի» (ԱԿ) ճյուղավորումը Արաբական թերակղզում:
Այս բռնարարքների հետ կապված Եմենի հասարակական լայն շերտերի բացասական արձագանքն ուղղված ԱԿԱԹ-ի դեմ իրեն սպասեցնել չտվեց: Եմենում սկսվեցին իսլամականների դեմ քննադատական և դատապարտողական կարծիքներ հնչել, ինչն իր բացասական ազդեցությունն ունեցավ ԱԿ-ի առանձ այդ էլ ցածր հեղինակության վրա:
Այս ահաբեկչական բռնարարքներց շատ չանցած` դեկտեմբերի 12-ին, Սանայից 150կմ. հարավ-արևելք ընկած եմենական բնակավայրերից մեկում ամերիկյան անօդաչու թռչող սարքի կողմից հրթիռակոծության ենթարկվեց հարսանեկան շարասյուն, որի հետևանքով զոհվեցին 15 մարդ: Սա ամերիկյան ԱԹՍ-ների կողմից իրականացված հերթական սխալ հարձակումն էր, որոնք ժամանակ առ ժամանակ պատահում են ոչ միայն Եմենում, այլև այլ երկրներում (հավանաբար հրթիռակոծման ենթարկված եմենական հարսանեկան շարասյունն ամերիկացիները սխալմամբ շփոթել են այդ տարածքներում ակտիվ ԱԿԱԹ-ի շարասյան հետ, որի հետևանքն եղավ անմեղ մարդկանց զոհերը):
Երկար տարիներ ամերիկյան ԱԹՍ-ների հարձակումների թատերաբեմ հանդիսացող Եմենում սկսեցին հնչել կարծիքներ, որ նման հարձակումները ոտնահարում են եմենցիների ազատությունը, սահմանափակում Եմենի ինքնիշխանությունը: Ամերիկյան ԱԹՍ-ի կողմից իրականացված վերոհիշյալ հրթիռակոծությունը յուրօրինակ արջի ծառայություն էր ամերիկյան շահերին, որից անմիջապես փորձեց օգուտ քաղել ԱԿ-ն:
Բռնարարքներին անմիջապես հաջորդեց ԱԿԱԹ-ի առաջնորդներից մեկի` Կասիմ առ-Ռիմիի կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ ԱԿԱԹ-ը հայցում է եմենցիների ներողամտությունը դեկտեմբերի 5-ին կատարված ահաբեկչական հարձակման կապակցությամբ` պատճառաբանելով, որ իսլամականների թիրախը եղել էր Եմենի պաշտպանության նախարարության շենքերից մեկում տեղակայված ամերիկյան ԱԹՍ-ների ղեկավարման կենտրոնը: Առ-Ռիմին ավելացրեց, որ հարձակման թիրախի ընտրության մեջ սխալ էր թույլ տրվել, որն էլ հանդիսացել էր անմեղ զոհերի մահվան պատճառ, ինչի համար էլ ԱԿԱԹ-ն հայցում էր իր ներողամտությունը` փոխհատուցման պատրաստակամություն հայտնելով զոհվածների ընտանիքներին:
Նմանատիպ հաղորդագրության տարածումը ճիշտ ժամանակին արվեց, և այն մի քայլ էր ԱԿԱԹ-ի կողմից, որը հեռու գնացող նշատակներ էր ենթադրում: Նախ ԱԿԱԹ-ի ռազմական թևի ղեկավարներից Կասիմ առ-Ռիմիի ուղերձն ուներ կոնկրետ ենթատեքստ ու հասցեատեր` դա սովորական եմենցին էր, ում հիշողության մեջ դեռ վառ էին ամերիկյան ԱԹՍ-ի կողմից հրթիռակոծված հարսանեկան շարասյան մնացորդների ու զոհվածների պատկերները: Ուղերձում ԱԿ-ի կողմից Եմենի պաշտպանության նախարարության ամերիկյան ԱԹՍ-ների ղեկավարման կենտրոնի վրա հարձակվելու իսլամականների նպատակադրության շեշտումը յուրօրինակ փորձ էր ԱԿԱԹ-ի զինյալների կողմից դեկտեմբերի 5-ին իրականացված անհաջող հարձակման արդարացման համար: Վերջապես, սխալ թիրախավորված հարձակման համար իսլամականների կողմից ներեղության հայցումն ու զոհվածների ընտանիքներին փոխհատուցման պատրաստակամությունն աննախադեպ երևույթ էր, ինչն իր դրական ազդեցությունն ունեցավ Եմենում:
Ինչևէ, դեկտեմբերի 12-ի հրթիռակոծման հետ կապված ամերիկյան իշխանությունների անտարբեր լռությունը լրացուցիչ ազդակ հանդիսացավ հասարակ եմենցիների շրջանում ամերիկյան նմանօրինակ հարձակումները դատապարտող տրամադրությունների ավելացման համար: Սրանով ԱՄՆ-ն «փրկեց» ԱԿԱԹ-ին եմենական հասարակական լայն շրջանակների աչքում վերջնականապես կործանվելուց, քանզի եմենցիների շրջանում շրջանառվող կարծիքի համաձայն` «եթե «ալ-Կաիդայից» հնարավոր է փախչել, ապա ամերիկյան ԱԹՍ-ներից` ոչ»: