.jpg)
Անչափահասը մեղադրվում է համակարգչի համար քրոջը դանակահարելու համար
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել անչափահաս Շ. Զ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ 16-ամյա Շ. Զ.-ին առաջադրված մեղադրանքի` նա 2013թ. սեպտեմբերի 12-ին ժամը 21:45-ին Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի իրենց բնակարանում անչափահաս քրոջ հետ համակարգչով զբաղվելու հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ժամանակ Շ. Զ.-ն կծել է քրոջ ձախ այտը և ձախ սզկի վերին երրորդականի դրսային մակերեսը՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Շ. Զ.-ն մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է քրոջ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թիակի ներսային անկյան շրջանին, պատճառելով առողջության ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի հարողնաշարային գծով 8-րդ ողի մակարդակին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 Հոդվածի 1 Մասի հատկանիշներով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: