.jpg)
Մայիսի 16-ը այսուհետ կնշվի որպես ուսանողության օր
Այսօր կառավարության հերթական նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծ:
Ըստ նախագծի` առաջարկվում է տոնացույցում ամրագրել ուսանողության և երիտասարդության օր մայիսի 16-ը` Մայր ԲՈՒՀ-ի, Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը:
«Մենք հիմա քանի՞ երիտասրադկան օր ենք նշելու»,- հարցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, որին նախարարը պատասխանեց, որ միայն մայիսի 16-ը կլինի պետական տոն:
«Մայիսի վրա տոների քանակը շատ է լինում»,- ասաց վարչապետը, նկատելով, որ կարելի է տոները ցրել:
Ա. Աշոտյանը նշեց, որ մայիսի 16-ը լինելու է աշխատանքային օր, բացի այդ նախարարը կարևորեց ազգային ուսանողական տոն ունենալու գաղափարը:
Ուսանողության օրվա հետ կապված՝ իր դիտարկումներն ուներ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ըստ որի, պարտադիր չէ մայիսի 16-ին ևս նշել ուսանողության օր «նոյեմբերի 17-ը նշում ենք, էլի, պարտադի՞ր է անպայման մենք մերը ունենանք»,- հարցրեց նա:
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ այս օրը կարևոր է ազգային տոն նշելու տեսանկյունից:
«Կազգայնացնենք»,- ԿԳՆ-ի առաջարկությունն ընդունեց վարչապետը: