.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Եգիպտոս. 2 սահմանադրություն՝ 13 ամսվա ընթացքում
Հունվարի 14-15-ին Եգիպտոսում տեղի է ունեցել Սահմանադրության նոր նախագծի հանրաքվեն: Համաձայն ԵԱՀ-ի Ներքին գործերի նախարարության ներկայացրած նախնական տվյալների՝ փաստաթղթի օգտին քվեարկել է ընտրողների 95 %-ը:
Քվերակությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 55 %-ը. պաշտոնական արդյունքները պետք է հայտարարվեն ոչ ուշ, քան ընտրատեղամասերի փակումից 72 ժամ անց:
Ինչ խոսք, Արաբական հանրապետության նոր հիմնական օրենքի շուրջ եգիպտացիների այսօրինակ միաբանությունն իր օբյեկտիվ պատճառներն էլ ունի: Առաջին հերթին, այն պայմանավորված է երկրում փաստացի իշխող զինվորականության, ժամանակավոր իշխանությունների և անցումային կառավարության թիվ մեկ հակառակորդը համարվող, իսկ ներկայում արդեն օրենքով այդ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների լուսանցքում հայտնված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմից հայտարարված բոյկոտով, ինչի հետևանքով սահմանադրության նախագծին ընդդիմացողներն ուղղակիորեն չմասնակցեցին հանրաքվեին. քվերակությունը բոյկոտելու մասին հայտարարությամբ էր հանդես եկել նաև «Ուժեղ Եգիպտոս» իսլամիստական կուսակցությունը:
Համեմատական առումով՝ նույն Եգիպտոսում մոտ 13 ամիս առաջ ներկայիս ընդդիմության կողմից հանրաքվեի դրված արդեն նախկին «մայր օրենքի» քվեարկությանը մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցողների 32,9 %-ը. փաստաթղթին կողմ էր քվեարկել ընտրողների 63,8 %-ը:
Պետք է նշել, որ բովանդակային առումով երկու փաստաթղթերի միջև առկա տարբերությունը բավականին մեծ է: Իսկ երկու հանրաքվեներին մասնակցած եգիպտացիների արժեհամակարգային տարբերության չոր թվային հակադրությունը մոտավորապես հետևյալ տեսքն ունի՝ ներկայիս 27 մլն 170 հազարն ընդդեմ նախկին 10 մլն 693 հազարի՝ ավելի, քան կրկնակի:
Այս համատեքսում արդեն իսկ կասկածի տեղիք չի տալիս նաև Եգիպտոսի ապագա առաջնորդի անձի ընտրությունը և նրա հաջողությունների երաշխիքը. հանրաքվեի արդյունքները մեծապես ամրապնդում են ներկայիս պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթահ ալ Սիսիի դիրքերը, ով Եգիպտոսի ապագա նախագահի պաշտոնում իր հավակնությունները պայմանավորել էր Սահմանադրության հանրաքվեի արդյունքներով: