Սեյրան Օհանյան. Հոսպիտալում գտնվող նորակոչիկի ծեծի փաստն ապացուցված չէ
16/01/2014 12:40

Սեյրան Օհանյան. Հոսպիտալում գտնվող նորակոչիկի ծեծի փաստն ապացուցված չէ

Նախօրեին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացած զինծառայող, 1993 թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանի մոտ ախտորոշվել է կայծակնային աճող մինինգիտ: Նա դիմել է բուժօգնության, բայց հիվանդությունը չափազանց արագ է զարգացել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

«Դիահերձման և դատաբժշկական փորձաքննության ժամանակ վերջնականապես պարզ կլինի ամեն բան»,- ասաց նախարարը:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին նաև օրերս երկկողմանի թոքաբորբով և մարմնական վնասվածքներով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի դեպքի մանրամասներով:

«Մհեր Խլղաթյանի դեպքով քրգործ է հարուցված և դեռևս վերջնականապես պետք է պարզվի՝ ուժ կիրառվել է նրա նկատմամբ, թե՝ ոչ»,- ասաց Սեյրան Օհանյանն՝ ավելացնելով, որ նախնական տվյալներով կան ձերբակալվածներ, քրեական գործընթաց կլինի և մեղավորները կկրեն իրենց պատիժը:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների այն տեղեկատվությանը, թե Մհեր Խլղաթյանի մարմնի վրա կան նաև ծխախոտից մնացած այրվածքներ՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ նման հետքերի մասին տեղեկություններ չունի.

«Ծեծի փաստն ապացուցված չէ: Մանավանդ որ վերջին տվյալներով Մհերը եկել է գիտակցության և ասում է, որ նման դեպք չի եղել: Քրեական գործ է հարուցված, իրավապահներն աշխատում են և գործի արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության»,- ասաց Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով, որ իր կարծիքով բռնությունները, կոնֆլիկտները բանակում շարունակական կլինեն, քանի դեռ հասարակության հետ չի տարվում համապատասխան աշխատանք.

«Բռնություններն այնքան կլինեն, որքան որ յուրաքանչյուր ընտանիքում չլինի չարաճճի երեխա, քանի դեռ յուրաքանչյուր դպրոցում, բուհում չլինեն չարաճճի ուսանողներ և աշակերտներ: Բայց ես սա չեմ ասում մեզ արդարացնելու համար: Մեր այս տարվա գլխավոր պայքարը լինելու է հենց փողոցային բարքերի դեմ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել էր զինծառայող, 1993 թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:

Իսկ հունվարի 13-ին, ժամը 02.10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
 
Նախորդող հրապարակումներ՝ Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվել են կրտսեր սերժանտ ու կապիտան

Ծեծված զինվոր Մհեր Խլղաթյանը դեռ մեկ ամիս կմնա հոսպիտալում

Զորամասերից մեկում հիվանդության պատճառով զինվոր է մահացել

 

Սեյրան Օհանյան. Հոսպիտալում գտնվող նորակոչիկի ծեծի փաստն ապացուցված չէ