Գրական բլոգ. Արամ Մամիկոնյան. Հաշիշ
17/01/2014 21:00

Գրական բլոգ. Արամ Մամիկոնյան. Հաշիշ

երկրագունդը կանիբալների քաղաք է,
այստեղ չկան բնորդուհիներ բանաստեղծության համար,
ձեռքով մի կողմ հրիր
ծխի ամպը սենյակիդ մեջից,
ու ձանձրությունը մոլախոտի պես կաճի մարմնիդ վրա

կարո՞ղ ես առանց ավելորդությունների ապրել ու մեռնել,
կրկին, նորից ու ևս մի անգամ, րոպեն մեկ ծխելու պես,
ուրեմն հանգիստ ծնվիր քո ծննդյան օրը

իսկ երբ վախի շեղբը սահում է մարմնիդ մեջտեղով,
ու կիսած անձրևաորդի պես ակողնու վրա
տակնուվրա ես անում հերթական անքնությունդ,
ինչ-որ մեկը կարող է կարծել,
որ դու ու տիկին կարոտը
գուցե սիրով եք զբաղվում այս գիշեր

մինչդեռ տիկին կարոտը իսկական վհուկ է,
ինձ վրա է շպրտում կոպերով սեղմած ու չզսպած կաթիլները,
որ նետած արկերի պես պայթում են ոտքերիս տակ
ու ցրվում կեսագրության փոշին սենյակն ի վեր

սկսում են ցնցվել սենյակի պատերը՝
ջարդուփշուր անելով
բաժակը, զարդուցիչը, ձայնասկավառակներն ու գրքերը,
ամենն, ինչ ընկնում է ձեռքիս տակ,
հիմա իրոք կարող են մտածել,
թե այս ինչ կրքոտ գիշեր ենք անում

մինչդեռ մանկությունն իմ վերջին հեռադիտակն էր,
որով կարելի էր երկրից աստծուն տեսնել,
իսկ ես մեր պատերազմներից մեկի ժամանակ
մոռացա այն չափահասության պարանոցից կախ

տիկին կարոտը մի լավ հռհռում է վրաս,
մեջքս է ճանկռել,
վիզս է կապտացրել,
կծել վերևի շրթունքը

ի՞նչ կմտածեն տեսնողները,
երբ վաղն առավոտյան մեր շենքի դիմաց
ոստիկանության ու շտապ օգնության մեքենաներ կհավաքվեն,
ու պոեզիան էլ անպայման կգա,
առանց ավելորդ աճապարանքի
մատը կդնի քներակիս վրա
ու կասի,
որ էլ չկամ 

Գրական բլոգ. Արամ Մամիկոնյան. Հաշիշ