.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Ալիևի վարչախմբի և ջիհադականների շահերը համընկնում են
Որքան մոտենում է հունվարի 22-ին Շվեյցարիայում կայանալիք Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված «Ժնև 2» գագաթաժողովը, այնքան Սիրիայում ընթացող ռազմական բախումներն ավելի ինտենսիվ ու կատաղի են դառնում, ինչի հետևանքով ԶԼՄ-ները ողողված են ռազմական գործողությունների ու դրանց հետևանքով զոհվածների մասին պատմող բազում տեսանյութերով: Ասածի ապացույցն է նաև 2014-ի սկզբից արձանագրված զոհված ընդդիմադիր զինյալների քանակի ու դրան զուգահեռ սիրիական հակամարտությունում ավելացող օտարերկրյա ջիհադականների ներհոսքի վերաբերյալ խոսուն փաստերը:
Ծագումով ադրբեջանցի ջիհադականները այս փաստերի երկու «նոմինացիաներում էլ» հետ չեն մնում: Արդեն տարվա սկզբից ադրբեջանցի ջիհադականների շարքերում կա 10 զոհ: Բազմաթիվ են ծագումով ադրբեջանցի իսլամականների` սիրիական հակամարտությանը զանգվածային ներգրավվածության տեղեկությունները: Այդ մասին նույնիսկ սկսել են խոսել ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ` արձանագրելով Սիրիայում «հարյուրավոր» ադրբեջանցի իսլամականների առկայությունը, ինչի վերաբերյալ, սակայն, ադրբեջանական ներկայիս իշխանությունները որդեգրել են խուսաբողական վերաբերմունք` այդ տեղեկությունները հիմնականում թողնելով անարձագանք:
Ինչևէ` իսլամական ծայրահեղ արմատականության ահագնացման վերաբերյալ ալիևյան վարչախմբի լատենտ վերաբերմունքը կարելի է բացատրել իսլամականների այդ ներուժն ուղղորդելու ցանկությամբ. եթե հակամարտության անցած տարիներին Սիրիայում նկատվում էին ադրբեջանցի առանձին իսլամական լիդերներ, որոնք փորձում էին վերահսկել և համակարգել ադրբեջանցիների ներհոսքն ու նրանց գործողությունները տարածաշրջանում, ապա այժմ, Սիրիայի տարբեր հատվածներում ադրբեջանցի ջիհադականների սփռվածությունը, նրանց կազմակերպչական ու կառուցվածքային ամրության բացակայությունն ու, այս համատեքստում նրանց շարքերում նկատվող ավելացող զոհերի քանակը վկայում են նրանց գործողություններում ուղղորդման էլեմենտների մասին, որոնց հետևում կարող են կանգնած լինել ինչպես ադրբեջանական իշխանությունները, այնպես էլ ալիևյան վարչախմբին մոտ կանգնած տարածաշրջանային այլ ուժեր: Հավանաբար, ադրբեջանական իշխանությունները նման կերպ փորձում են ձերբազատվել սպառնալիք ներկայացնող ադրբեջանցի իսլամական ծայրահեղական ներուժից, որոնց` Ադրբեջանից դեպի Թուրքիա, այնտեղից Սիրիա, կամ այլ ուղղություններով անարգել տեղաշարժերով է նաև բացատրվում ադրբեջանցի իսլամական «կոնտինգենտի» նման զանգվածային ներհոսքը մերձավորարևելյան տարածաշրջան: Պատահական չէ նաև ծագումով ադրբեջանցի իսլամականների անընդհատ ավելացող ներկայությունը թուրք-սիրիական սահմանային հյուսիս-արևմտյան և քրդաբնակ հյուսիս-արևելյան տարածքներում, որտեղ ադրբեջանցիներն իսլամական խմբավորումների կազմում ներգրավված են քրդական ստորաբաժանումների դեմ պայքարում, ինչը կարող է հետագայում օգտագործվել թուրքական տարրի ակտիվացման համար Թուրքիայի Սիրիային սահմանակից տարածքներում, և այս համատեքստում չպետք է բացառել այն վտանգը, որն առկա է սիրիական հակամարտության կիզակետում հայտնված այլ էթնո-դավանական փոքրամասնությունների, հատկապես սիրիահայերի համար:
Ադրբեջանցի ջիհադականները hետ չեն մնում այն համընդհանուր իսլամական արմատական տեղաշարժերից ու ջիհադական ներհոսքից, որ այժմ նկատվում է մերձավորարևելյան տարածաշրջանում: Համընդհանուր ջիհադի կոչերը համակել են նաև ադրբեջանցի իսլամականներին, որոնց ուղևորությունը դեպի Սիրիա չի դադարում: Սիրիայում ընթացող պատերազմին զուգահեռ` ռազմական գործողությունների ինտենսիվացում է նկատվում հարևան Իրաքում և Լիբանանուն, ընդ որում, հենց Սիրիայում ակտիվ իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների անմիջական մասնակցությամբ, իսկ քանզի ծագումով ադրբեջանցի ջիհադականների թվաքանակը այդ կառույցներում զգալի է, ապա չի բացառվում, որ նրանք այժմ պայքարում են նաև Իրաքում ու Լիբանանում` փնտրելով ջիհադական պայքար մղելու իրենց ցանկությանը հագուրդ տալու տարածաշրջանային այլ վայրեր:
Հետևաբար` ալիևյան վարչախմբի ու ադրբեջանցի ջիհադականների շահերը տվյալ փուլում, կարծես, համընկնում են, ու չպետք է զարմանալ ակտիվացող ադրբեջանական իսլամական ներուժի վերաբերյալ Բաքվի անտարբերության վրա: