1863 թ-ի այս օրը ծնվել է Կոնստանտին Ստանիսլավսկին
17/01/2014 18:17

1863 թ-ի այս օրը ծնվել է Կոնստանտին Ստանիսլավսկին

Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն:

Կոնստանտին Ստանիսլավսկին ծնվել է 1863 թ. հունվարի 17-ին: Բեմական առաջին փորձերն արել է 1877 թ-ից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»: 1878-1881 թթ.-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում:

Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ: 1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը՝ դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին:

1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է Գոգոլի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ: Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում: 1918 թ. ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935 թ. ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա:

Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա:
Ստանիսլավսկին հայ մշակույթի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից՝ Լազարյան ճեմարանում:

Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է Եվգենի Վախթանգովը: Մոսկվայի օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ, Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ:
 

1863 թ-ի այս օրը ծնվել է Կոնստանտին Ստանիսլավսկին