.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Դիրքային իրավիճակը՝ «Ժնև 2»-ին ընդառաջ
Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը նվիրված միջազգային համաժողովի կազմակերպման և անցկացման հիմնական արարողակարգային տարրերն արդեն ճշգրտված են: Հանդիպումը կմեկնարկի հունվարի 22-ին` շվեյցարական Մոնտրյո քաղաքի «Մոնտրյո պալաս» հյուրանոցում: Ֆորումի բացման խոսքով հանդես կգա Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերը: Նրանկհաջորդեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ապա, որպես գործընթացի գլխավոր նախաձեռնողներ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Սպասվում են նաև համաժողովին մասնակից այլ պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև՝ հակամարտ կողմերի պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթներ:
«Ժնև 2»-ին ընդառաջ՝ առկա կարևորագույն թերացումը հակամարտությանը ներգրավված երկու առացքային տարածաշրջանային խաղացողների մասնակցության հարցն է, որից համաժողովն ակնհայտորեն կտուժի, իսկմիակ հանգուցային անհստակությունը, թերևս, սիրիական ընդդիմության մասնակցության հարցի և հետևաբար նաև՝ պատվիրակության վերջնական կազմի ձևավորման հանգամանքն էր. միայն հունվարի 17-18-ին «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի» գլխավոր ասամբլեայի՝ Ստամբուլում կայացած վերջնական հանդիպման ընթացքում տևական և բուռն քննարկումներից, բանավեճերից հետո տեղի ունեցած քվեարկության արդյունքում, ինչպես և սպասվում էր, ձայների ճնշող մեծամասնությամբ (58 կողմ՝ 73 մասնակիցներից) որոշում կայացվեց՝ մասնակցել միջազգային համաժողովին: Անշուշտ, չնչին էր հավանականությունը, որ սիրիական վարչակարգի հակառակորդները կհրաժարվեին մեկնել Շվեյացարիա, քանզի դրանով «ՍԸՀՈՒԿ»-ը կդներ իրեն խաղից դուրս վիճակում, կզրկվեր «սիրիական կարկանդակի»` սեփական չափաբաժնին հավակնելու հնարավորությունից և ընդհանրապես, կզիջեր իրեն պատկանող «սուրբ տեղը» Բաշար ալ Ասադին և նրա գլխավորած վարչակարգին անխնա կերպով քննադատող այլ ուժերի և անհատականությունների շրջանում, ինչի պակաս թե′ Արաբական հանրապետությունում, թե′ դրանից դուրս, չի զգացվում:
Ինչ վերաբերում է սիրիական ընդդիմության պատվիրակությանը, ապա դրա վերջնական կազմի մասին հավաստի տեղեկություն դեռ չկա, սակայն հայտնի է, որ այն լինելու է բավականին ընդլայնված, նրանում ներառվելու են քաղաքական գործիչներ, դիվանագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ, ինչպես նաև՝ զինված ընդդիմության ներկայացուցիչներ:
Ի հակադրություն՝ սիրիական կառավարական պատվիրակաության կազմն արդեն հրապարակվել է: Այն հետևյալ տեսքն ունի՝ Ուալիդ ալ Մուալիմ (փոխվարչապետ, ԱԳ և միգրացիայի հարցերով նախարար, պատվիրակության ղեկավար), Ումրան ալ Զուուբի (Տեղեկատվության նախարար, պատվիրակության փոխնախագահ), Բուսայնա Շաաբան (ՍԱՀ նախագահի քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական, պատվիրակության փոխնախագահ), Ֆայսալ ալ Միքդադ (ԱԳ փոխնախարար), Հուսամմիդին Ալա (ԱԳ նախարարի օգնանական), Բաշար ալ Ջաֆարի (ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ), Ահմադ Արնուս (ԱԳ նախարարի խորհրդական), Լունա ալ Շաբալ (նախագահական լրատվական ծառայության ղեկավար) և Ուսամա Ալի (ԱԳ նախարարի գրասենյակի ներկայացուցիչ):
Պատվիրակության կազմից երևում է, որ դրանում ընդգրկված է սիրիական իշխանությունների դիվանագիտական և քարոզչական «ծանր հրետանին», որն արդեն իսկ զգալի առավելություն է հակառակորդ կողմի համեմատ, քանի որ առնվազն մասնագիտական պատրաստվածության և քաղաքական փորձառության տեսանկյունից սիրիական ընդդիմության կազմում բացակայում են նման բարձրակարգ դիվանագետները: Բացի այդ, կառույցում առկա գաղափարական անմիաբանությունը (ընդդիմադիրներին առավելապես միավորում է գերնպատակը՝ հասնել ալ Ասադի՝ իր զբաղեցրած պաշտոնից հեռացմանը), որոշումների ընդունման մեխանիզմի բավականաչափ անմխիթար վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ համաժողովի ընթացքում որևէ էական հարցում ընդհանուր հայտարարի գալու խնդրիը լուրջ բարդություններ է առաջացնելու ընդդիմության ներսում՝ նաև հաշվի առնելով այն իրողությունը, որ ընդդիմության պատվիրակության անդամներից յուրաքնչյուրն, ընդհանուրից բացի, նաև մասնավոր շահերն է հետապնդելու:
Այս համատեքստում, կարելի է կանխատեսել, որ հունվարի 24-ին արդեն Ժնևում, երբ ծրագրվում է անմիջական բանակցությունների շրջափուլը հակառակորդ պատվիրակությունների միջև, հնարավոր է ուղղակի բանակցությունների ձևաչափի փոխարեն շփումներն ընթանան միջնորդավորված տարբերակով:
Այս պարագայում շատ բան արդեն կախված կլինի միջնորդ պետությունների պատրաստակամությունից, ճկունությունից, նրանց առաջարկած ճանապարհային քարտեզի բովանդակությունից և իրենց հովանավորյալների վրա ճնշման լծակների՝ արդյունավետ կերպով գործադրումից:
Այսուհանդերձ մի բան պարզ է, որ Ժնևում սիրիական հակամարտությունը չի հանգուցալուծվելու, առավելագույնն, ինչ կարելի է ակնկալել միջազգային համաժողովից, դա «գործընթացի» սկզբնավորումն է, իսկ մնացյալն արդեն սպասվող զարգացումների և դրանցով պայմանավորված՝ ընթացիկ իրավիճակային բարդությունների պարագայում անհրաժեշտ մոտեցումների ցուցաբերման շահագրգռվածության խնդիր է գործընթացում ներգրավված թե′ սիրիական և թե′ արտասիրիական խաղացողների կողմից: