Հրանտ Դինք. Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման. Հուշագրություն
19/01/2014 14:00

Հրանտ Դինք. Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման. Հուշագրություն

Երբ Շիշլիի դատախազությունն իմ դեմ «թուրքերի ազգային ինքնասիրությունը նվաստացնելու» մեղադրանքով հետաքննությունը սկսեց, ես մտավախություն չեմ ապրել:

Դա առաջին դեպքը չէր: Նման դատական գործին մինչ այդ առնչվել էի Ուրֆայում: Երեք տարի շարունակ ինձ «թուրքերի նվաստացման» մեղադրանքով դատում էին զուտ նրա համար, որ 2002 թ. Ուրֆայում, մասնակցելով կոնֆերանսի, ելույթում ասել էի, որ «թուրք չեմ, այլ Թուրքիայի հայ եմ»: Այն ժամանակ նույնիսկ տեղյակ չէի դատական նիստերի ընթացքից: Դրանք ինձ բոլորովին չէին հետաքրքրում: Դատավարությունն իմ բացակայությամբ առաջ էին տանում ուրֆացի փաստաբան ընկերներս:
Բավականին անհոգ էի նաև Շիշլիի դատախազությունում բացատրություն տալու ժամանակ: Ի վերջո, ակնհայտ էին ե՛ւ գրածներս, ե՛ւ մտադրությունս: Համոզված էի, որ դատախազը իմ հոդվածի առանձին որևէ իմաստ չարտահայտող նախադասության փոխարեն կկարդա ամբողջությամբ, այսպիսով, հեշտությամբ կհասկանա, որ «թուրքերին նսեմացնելու» որևէ մտադրություն չունեմ և վերջ կգտնի այս կատակերգությունը:

Վստահ էի, որ հետաքննությունը չի հանգեցնի իմ դեմ դատական գործի հարուցմանը:

Ինքնավստահ էի

Բայց ո՜վ զարմանք, դատական գործը հարուցվեց: Դրանով հանդերձ, լավատեսությունս չէի կորցրել: Այն աստիճանի, որ հեռուստահաղորդմանը ուղիղ եթերում ինձ մեղադրող փաստաբան Քերինչսիզին դիմեցի, ասելով. «Թող շատ չոգևորվի, դատարանն իմ դեմ ոչ մի դատավճիռ չի կայացնելու, դատապարտվելու դեպքում երկիրը կլքեմ»:

Ինքնավստահ էի, որովհետև հոդվածում թուրքերին նսեմացնելու որևէ մտադրություն և դիտավորություն բացարձակապես չեմ ունեցել: Դա հստակ կհասկանային իմ հոդվածաշարն ամբողջությամբ ընթերցողները:

Ահավասիկ, Ստամբուլի համալսարանի դասախոսներից կազմված 3 հոգանոց հանձնաժողովը փորձագիտական եզրակացության մեջ հաստատում էր այդ փաստը:

Այսինքն, մտավախության համար պատճառ չկար և թվում էր, թե դատավարության որևէ փուլում անպայման կուղղվի կատարված սխալը:

Մնում էր համբերել:

Բայց չուղղվեց:

Չնայած փորձագիտական եզրակացությանը, դատախազը պահանջեց իմ դատապարտումը:

Դրան հետևեց դատավորի՝ 6 ամիս ազատազրկման վճիռը: Դատապարտման լուրն ստանալով, ես ինձ զգացի դատավարության ընթացքում սնուցածս հույսերի դառը ճնշման տակ: Շփոթված էի… Վիրավորվածությունս ու ընդվզումս գագաթնակետին էին հասել:

Օրեր, ամիսներ շարունակ դիմանում էի, ասելով. «Երբ դատարանը կկարճի գործս, այն ժամանակ դուք կզղջաք իմ դեմ ձեր ասած- գրածների համար»: Դատական յուրաքանչյուր նիստից հետո թերթերը լուրերի բաժնում և սյունաշարերում, իսկ հեռուստատեսությունները հաղորդումներում ընդգծում էին, թե ես իբր ասել եմ. «Թուրքի արյունը թունավոր է»: Եվ ամեն անգամ ես, որպես «թուրքերի թշնամի», ավելի հռչակավոր էի դառնում:

Դատարանի միջանցքներում ֆաշիստները շովինիստական հայհոյանքներով հարձակվում էին իմ վրա: Ինձ անարգում էին ցուցապաստառներով: Ամիսներ շարունակ ինձ հասցեագրվող հեռախոսազանգերի, էլեկտրոնային ու սովորական նամակների սպառնալիքները, որոնք հարյուրների էին հասնում, ամեն անգամ ավելի վտանգավոր բնույթ էին ստանում:

Մտածում էի, որ դատարանի որոշումը կհրապարակվի, ի հայտ կգա ճշմարտությունը, և այդ մարդիկ կամաչեն իրենց արածի համար:

Միակ զենքս անկեղծությունս էր

Սակայն, երբ հրապարակվեց դատավճիռը, ի չիք դարձան իմ բոլոր հույսերը: Հիմա արդեն մարդկային ամենածանր կացության մեջ էի: Դատավորը վճիռ էր կայացրել «թուրք ազգի» անունից և իրավաբանորեն հաստատել էր իմ՝ «թուրքերին նսեմացնելու արարքը»: Կարող էի ամեն ինչին դիմանալ, բայց անհնար էր դրա հետ հաշտվելը: Իմ համոզմամբ, եթե մեկը էթնիկ կամ կրոնական տարբերությունների պատճառով նսեմացնում է այն մարդկանց, որոնց հետ նույն երկրում է բնակվում, դառնում է շովինիստ, իսկ դա աններելի է:

Ահա այս հոգեվիճակով դիմեցի խմբագրատան դռան առջև սպասող մամուլի ներկայացուցիչներին, որոնք ուզում էին ճշտել երկիրը լքել-չլքելու մասին մինչ այդ ասածներս: Եվ հայտարարեցի նրանց. «Կխորհրդակցեմ փաստաբաններիս հետ: Վճռաբեկ դատարան կդիմեմ: Անհրաժեշտության դեպքում նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս ամենից հետո, եթե ինձ չարդարացնեն, ապա ես կլքեմ երկիրս, որովհետև այսպիսի մեղադրանքով դատապարտված անձն, ակամա նվաստացնելով մյուս քաղաքացիներին, չպետք է ունենա նրանց հետ գոյակցությունը շարունակելու իրավունք»:

Այս խոսքերից հետո նորից հուզվեցի: Իմ միակ զենքն անկեղծությունն էր:

Սարկազմ

Որքան էլ զարմանալի լինի, այն մութ ուժը, որն ինձ Թուրքիայում ջանում էր մեկուսացնել մարդկանցից և ակնհայտ թիրախ դարձնել, կառչեց նաև իմ այս հայտարարությունից և դատական գործընթացի վրա ազդելու մեղադրանքով նոր հայց ներկայացրեց դատարան: Թեև ես այդ հայտարարությունը փոխանցել էի զանգվածային լրատվության բոլոր միջոցներին, սակայն նրանց աչքին երևում էր միայն «Ակօսում» հրապարակվածը: Այս անգամ էլ «Ակօսի» պատասխանատուներն ու ես դատարանի առջև կանգնեցինք դատական գործընթացի վրա ազդելու համար:

Ըստ երևույթին, սարկազմ ասածը հենց սա է:

Եթե ես մեղադրյալ էի, ուստի դատարանի վրա ազդելը, որպես մեղադրյալի, իմ տարրական իրավունքն էր: Եկեք, տեսեք, որ մեղադրյալին դատեցին հենց դատական գործընթացի վրա ազդելու մեղադրանքով՝ առանց հաշվի առնելու այդ իրավունքը:

«Հանուն թուրքական պետության»

Պետք է խոստովանել, որ բավականին կորցրել էի վստահությունս Թուրքիայի «արդարադատության համակարգի» և «իրավագիտության» ըմբռնման նկատմամբ: Ինչպե՞ս չկորցնել: Ի վերջո, այս դատախազներն ու դատավորները, որոնք բարձրագույն կրթություն ունեին, լինելով իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ, մի՞թե օժտված պիտի չլինեին իրենց կարդացածը ճիշտ ըմբռնելու կարողությամբ:

Սակայն այս երկրում, ինչպես բազմաթիվ պետական և քաղաքական գործիչներն են հայտարարում առանց վարանելու, դատական համակարգն անկախ չէ:

Եվ այս համակարգը պաշտպանում է ոչ թե քաղաքացիների իրավունքները, այլ՝ պետական կառույցների: Դատարանները քաղաքացիների կողքին չեն, այլ գտնվում են պետության վերահսկողության տակ:

Ընդ որում, միանգամայն համոզված եմ, որ իմ դեմ արձակված դատավճիռը, որքան էլ ստանա «հանուն թուրք ազգի» ձևակերպումը, իրականում ընդունվել է ոչ թե «թուրք ազգի» համար, այլ «թուրքական պետության» անունից: Հետևաբար, փաստաբաններս որոշեցին դիմել Բարձրագույն դատական խորհուրդ: Սակայն ո՞վ կարող էր երաշխավորել, որ այն մութ ուժերը, որոնք որոշել էին սաստել ինձ, չեն ազդի նաև վերոհիշյալ խորհրդի վրա:

Բացի այդ, մի՞թե խորհուրդը միայն ճիշտ որոշումներ է կայացնում:

Եվ մի՞թե այդ խորհուրդը չէր, որ ստորագրել էր համայնքային կալվածքները ազգային փոքրամասնությունից խլելու հանիրավի որոշումների տակ:

Չնայած գլխավոր դատախազի ջանքերին

Այնուամենայնիվ, դիմեցինք: Բայց ի՞նչ:

Բարձրագույն դատական խորհրդի գլխավոր դատախազը ևս, ինչպես նշված էր փորձագիտական եզրակացության մեջ, նշեց, որ որևէ հանցանք չի տեսնում և պահանջեց կարճել գործս: Չնայած դրան, խորհուրդն ինձ մեղավոր ճանաչեց:

Գլխավոր դատախազն առնվազն ինձ պես ճիշտ էր ըմբռնել իմ հոդվածի իմաստը. առարկեց խորհրդի որոշմանը և հարցը քննարկման ներկայացրեց խորհրդի լիագումար նիստում:

Բայց ինչ անեմ, որ ինձ սաստելու համար գործի լծված այդ հզոր ուժերը հետնաբեմում էին և, ամենայն հավանականությամբ, դատական գործընթացի յուրաքանչյուր փուլում շատերի համար անհայտ միջոցներով զգացնել էին տալիս իրենց ներկայությունը: Ահա թե ինչու դատական բարձրագույն խորհրդի լիագումար նիստը ձայների գերակշռող մեծամասնությամբ հայտարարեց, որ ես նսեմացրել եմ թուրքերին:

Ինչպես աղավնին
Ցավալի էր, որ նպատակին հ
ասել էին նրանք, ովքեր ինձ մեկուսացնելու, տկար և անպաշտպան դարձնելու համար ջանք չէին խնայում: Ավելին, հասարակությանը կեղծիքներով ապակողմնորոշելու և սխալ տեղեկություններ հաղորդելու միջոցով նրանց հաջողվել էր ձևավորել մարդկանց զգալի մի շրջանակ, որը Հրանտ Դինքին դիտում էր իբրև «թուրքերին նսեմացնող» անձ:

Իմ համակարգչի հիշողությունը լի է այս շրջանակից տարբեր քաղաքացիների ուղարկած հարյուրավոր նամակներով, որոնք զայրույթ և սպառնալիք են պարունակում:

(Պետք է ասել, որ ինտերնետային այդ նամակներից մեկն ուղարկված է Բուրսայից, որի բովանդակության վտանգավորության մտահոգությամբ դա հանձնել եմ Շիշլիի դատախազություն, սակայն առ այսօր որևէ պատասխան չեմ ստացել, որի մասին հարկ եմ համարում տեղեկացնել):

Ինչ խոսք, չեմ կարող ասել, թե այս սպառնալիքները որքանով են իրատեսական, որքանով՝ ոչ:

Իսկ ինձ համար սպառնալիքի բուն աղբյուրը հոգեբանական այն տանջանքն է, որն ապրում եմ ինքս:

Ուղեղս տագնապած էր «Հիմա մարդիկ ի՞նչ են մտածում իմ մասին» հարցով:

Ցավոք, ներկայումս ինձ ավելի շատերն են ճանաչում, քան առաջ, և զգում եմ, որ մարդիկ շշուկով ասում են իրար. «Նայիր, սա այն հայը չէ՞»:

Ինձ պատող տանջանքի մի կողմում հետաքրքրությունն է, մյուսում՝ մտահոգությունը:

Մի կողմում՝ զգոնությունը, իսկ մյուսում՝ երկչոտությունը:

Ինչպես աղավնին,
Նրա պես հայացքս ուղղում եմ աջ, ձախ, հետ ու առաջ:
Գլուխս նրա գլխի նման անընդհատ շարժման մեջ է, իսկ շարժումները՝ նույնքան արագ:
Ահա սա է այն ամենի գինը:

Ի՞նչ էր ասում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Ի՞նչ էր ասում արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը:
Ասում են. «Կարիք չկա 301-րդ հոդվածն այսքան չափազանցնելու: Մի՞թե այս հոդվածով որևէ մեկը դատապարտվել կամ բանտարկվել է»:

Կարծես գին վճարելը միմիայն բանտարկություն է ենթադրում: Ահա ձեզ այս ամենի գինը… Ահա գին վճարելը…
Ով նախարարներ, դուք գիտե՞ք այս մասին, թե ինչպիսի ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը:
Գիտե՞ք: Մի՞թե երբևէ աղավնի չեք տեսել:

«Կենաց մահու» ասվածը
Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները:

Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին:

Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս:

Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել:

Ըստ երևույթին հենց սա է «Կենաց մահու» ասվածը: Կարող էի հաշտվել իմ ճակատագրի հետ, սակայն հարազատներիս կյանքը վտանգելու իրավունքը չունեի: Կարող էի ինքս ինձ հերոսանալ, սակայն հերոսանալու համար հարազատը մի կողմ, նույնիսկ անծանոթի կյանքը վտանգել չէի կարող:

Ահա այսպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս և ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ինձ վստահում էին:

Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու էին այնտեղ:

Եթե ասեի՝ «Գնանք», գալու էին. «Մնանք» ՝ կմնային:

Մնալ և դիմադրել

Շատ բարի, բայց ո՞ւր գնալ:

Հայաստա՞ն:

Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինակությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություններ էին սպասո՞ւմ:

Իսկ եվրոպական երկրներ գնալը ինձ համար չէր:

Ի վերջո, ինձ նման երեք օրով Արևմուտք մեկնելու չորրորդ օրը վերադառնալու մտահոգությամբ սրտնեղությունից տանջվող և իր երկիրը կարոտող մեկն ի՞նչ էր անելու Եվրոպայում:

Հարմարավետ կյանքն ինձ համար չէր

Նախ «դժոխքի կրակները» թողած «պատրաստի դրախտում» հանգրվանելը չէր համապատասխանում իմ էությանը:
Մենք դժոխքը դրախտի վերածելու հավակնության տեր էինք:

Թուրքիայում մնալը ե՛ւ մեր իսկական ցանկությունն է, ե՛ւ հարգանքից բխող անհրաժեշտություն ծանոթ-անծանոթ այն հազարավոր մարդկանց նկատմամբ, ովքեր Թուրքիայում ժողովրդավարության պայքար են մղում ու թիկունք կանգնում մեզ:

Շարունակելու էինք մնալ և դիմակայել

Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք… Ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915 թ.-ին… Մեր պապերը… Առանց իմանալու դեպի ուր… Քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել… Տանջվելով և ապրելով նրանց վիշտը…
Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը: Գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար… Ուր էլ որ լիներ…

Երկչոտ և ազատ

Հուսամ, որ երբեք ստիպված չենք լինի այդպես հեռանալ:

Դրա համար ունենք բավականին հույս և մեծ պատճառ:

Հիմա արդեն դիմում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Չգիտեմ, թե դատավարությունը քանի տարի կտևի: Իմացածս այն է, որ դա ինձ մասնակի մխիթարում է, գոնե մինչև դատավարության ավարտը կշարունակեմ բնակվել Թուրքիայում:

Անշուշտ, Եվրոդատարանի՝ իմ օգտին ընդունած որոշմամբ ես խիստ կուրախանամ և այլևս ստիպված չեմ լինի մտածել երկիրը լքելու մասին:

Հավանական է, որ 2007 թ.-ն ինձ համար ավելի ծանր տարի լինի:

Կշարունակվեն դատավարությունները, նոր գործեր կհարուցվեն իմ դեմ: Ո՞վ իմանա՝ ես դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ:

Բայց և այնպես, իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. «Այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս»:

Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ:

Գուցե մի քիչ երկչոտ, բայց և անկախ:

Հրանտ Դինք. Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման. Հուշագրություն