Խաբեության համար դատապարտված փաստաբանի արտոնագիրը ուժը կորցրած է ճանաչվել
20/01/2014 18:52

Խաբեության համար դատապարտված փաստաբանի արտոնագիրը ուժը կորցրած է ճանաչվել

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հրայր Տարիելի Քիշմիրյանը արտոնագիրը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Փաստաբանների պալատի կայքից:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 28.12.2013թ. գրությունը (մուտքի համար 4, 13.01.2014թ.), որի համաձայն  16.12.2013թ. օրինական ուժ ստացած թիվ ԵԱՔԴ 0142/01/12 դատավճռով ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) փաստաբան Հրայր Տարիելի Քիշմիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվել է պատիժ 1 տարի 6 ամիս ժամկետով, նկատի ունենալով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջն առ այն, որ անձը չի կարող լինել փաստաբան, եթե դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ, ի գիտություն ընդունելով այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված խարդախության հանցակազմը բնորոշվում է որպես խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, ինչն իր հերթին դասվում է դիտավորությամբ կատարվող հանցագործությունների շարքին, հաշվի առնելով, այն որ սույն որոշման կայացման պահին Հրայր Քիշմիրյանի դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (հիմք ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդված), 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի`

1. Դադարեցնել Հրայր Քիշմիրյանի փաստաբանական գործունեության թիվ 946 արտոնագրի գործողությունը` այն ճանաչելով ուժը կորցրած:

2. Հրայր Քիշմիրյանին հանել Պալատի փաստաբանների ցուցակից:

3. Պալատի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշման օրինակն ուղարկել Հրայր Քիշմիրյանին:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով մեկամսյա
ժամկետում:

ՀՀ փաստաբանների պալատի
նախագահ` Արա Զոհրաբյան»:  

Խաբեության համար դատապարտված փաստաբանի արտոնագիրը ուժը կորցրած է ճանաչվել