Իրանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների մի մասը չեղյալ են հայտարարվել
20/01/2014 19:53

Իրանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների մի մասը չեղյալ են հայտարարվել

Եվրամիությունը Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը չեղյալ է հայտարարել: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ այսօր կայացած նիստի ընթացքում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարաները Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասը կասեցնելու մասին որոշում են ընդունել:

«Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասի՝ «Համատեղ քայլերի ծրագրի» համաձայն՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը 6 ամիս ժամկետով կասեցվում է»,- նշված է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ պատժամիջոցների կասեցումը վերաբերում է իրանական նավթի փոխադրման, տրանսպորտային ապահովագրության և պետրոքիմիական արտադրանքի վաճառքի ոլորտին:

Նկատենք, որ այսօր առավոտյան ԻԻՀ փոխնախագահ, ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ Իրանն այսօրվանից դադարեցնում է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, այսօրվանից սկսեց գործել:

Նախորդող հրապարակում՝ Իրանը դադարեցնում է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները
 

Իրանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների մի մասը չեղյալ են հայտարարվել