.jpg)
ԽՍՀՄ ԳԽ որոշումն ավելի վճռական դարձրեց հայ ժողովրդի պայքարը
ԽՍՀՄ ԳԽ որոշումը ԼՂԻՄ-ի վերաբերյալ. 1989թ. նոյեմբեր
1989թ. նոյեմբերին ԽՍՀՄ Գերագույն խորհրդը պետք է ամփոփեր ԼՂԻՄ-ի խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները և համապատասխան որոշում ընդուներ: Նախորդող ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանություններն ու Ժողճակատի ներկայացուցիչները մշտապես սադրանքներ էին հրահրում, հարձակվում էին հայկական գյուղերի վրա, շրջափակում երկաթուղին` փորձելով ճնշում գործադրել Կենտրոնի և Հայաստանի վրա:
Միայն նոյեմբերի 23-ին ԼՂԻՄ-ի տարբեր շրջաններում տեղի են ունենում մի քանի միջադեպեր: Այսպես` 1989թ. նոյեմբերի 23-ին Աղդամի շրջանի Շոթլանլի գյուղի հրազենով և մահակներով զինված մի խումբ ադրբեջանցիներ հարձակվում են Մարտակերտի շրջանի սովխոզներից մեկի վրա: Հարձակվողները վիրավորում են մեկ մարդու, երկուսին` առևանգում: Ի պատասխան` շրջկենտրոնի բնակիչները պատանդ են վերցնում չորս ադրբեջանցիների: Հայերի առևանգման մեկ այլ դեպք է տեղի ունենում նույն օրը Մարտակերտի շրջանի Խաթիմբեյլի և Օրթափա գյուղերում: Հաջորդ օրը միայն կողմերը փոխանակում են պատանդներին:
Նոյեմբերի 23-ին Մարտակերտի շրջանում գնդակոծվում է մարդատար ավտոմեքենա, որի վարորդ Ռազմիկ Հարությունյանը վիրավորվում է և տեղափոխվում հիվանդանոց: Նույն օրը ադրբեջանցիները հարձակվում են Բերդաձորից Ստեփանակերտ ուղևորվող ավտոշարասյան (7 մեքենա) վրա: Թեև այն ուղեկցում էր զինվորական պահակախումբը, սակայն ադրբեջանցիները ջարդում են մեքենաները, փախցնում և Շուշի են տեղափոխում Ստեփանակերտի մսի կոմբինատի համար նախատեսված անասունները («Կոմունիստ», 29 նոյեմբերի, 1989թ.):
Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունում է «ԼՂԻՄ-ում իրադրությունը կայունացնելու միջոցառումների մասին» որոշումը: 8 կետից բաղկացած փաստաթղթով նախատեսվում էր լուծարել Հատուկ կառավարման կոմիտեն (այսպես կոչված` Վոլսկու կոմիտեն): Նախատեսվում էր նաև մարզում պահել վերստուգիչ-դիտորդ հանձնաժողովին ենթակա ԽՍՀՄ ՆԳՆ զորքեր: Իսկ որոշման առաջին կետով հույս էր հայտնվում, որ Ադրբեջանական ԽՍՀ-ն պատրաստակամ է Հայաստանի և ԼՂԻՄ-ի շրջափակումը վերանայելու գործում: («Կոմսոմոլսկայա Պրավդա», 29 նոյեմբերի, 1989թ., Բ. Ուլուբաբյան, «Արցախյան գոյապայքարի տարեգրություն», Երևան, 1997թ., էջ 125):
ԽՍՀՄ ԳԽ նիստի ժամանակ, անարդյունավետ համարելով Լեռնային Ղարաբաղի խնդրի նման քննարկումը, հայ պատգամավորները լքում են դահլիճը, և որոշումն ընդունվում է նրանց բացակայությամբ:
Նույն օրը «Արմենպրեսի» թղթակիցները Մոսկվայում զրուցում են պատգամավոր Զորի Բալայանի հետ:
«Մենք անհարին համարեցինք քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, քանի որ դա պետության ղեկավարի բացակայությամբ հապշտապ ընդունված որոշում է: Միաժամանակ, Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂԻՄ-ի շրջափակման պայմաններում նման որոշման ընդունումը տեղին չէ»: Ըստ Զ. Բալայանի` հայկական կողմը խնդրել էր ԳԽ նախագահությանը հետաձգել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումը մինչև հնարավոր կլինի այն անցկացնել «հանգիստ և գործնական մթնոլորտում» (Կոմունիստ, 29 նոյեմբերի, 1989թ.):
Այս որոշումը բացասաբար ընդունվեց թե ԼՂԻՄ-ում, թե Հայաստանում: Նոյեմբերի 29-ին բազմահազար հանրահավաք է սկսվում Ստեփանակերտում:
«Ինձ թվում է, որ այդ որոշումը այդպես էլ թղթի վրա կմնա, քանզի մեր ժողովուրդը չի համաձայնի դրան: Կենտրոնական իշխանությունները փաստորեն կրկին բռնեցին Ղարաբաղի հարցի արդարացի լուծումը ձգձգելու ուղին, ջանալով ուրիշ լույսով ներկայացնել ԼՂԻՄ-ի հայ բնակչության օրինական պահանջները: Ինձ, որպես մարզխորհրդի դեպուտատի, հնարավոր չի թվում նաև կառավարման մարզային մարմինների վերականգնումը»,- Արմենպրեսին մեկնաբանել էր ԼՂԻՄ-ի ագրոարդի նախագահ Լեոնարդ Պետրոսյանը: («Ավանգարդ», 1 դեկտեմբերի, 1989թ.):
1989թ. թվականի աշնանը Հայաստանի և ԼՂԻՄ-ի շրջափակումը Ադրբեջանի կողմից տնտեսական մեծ դժվարություններ էր ստեղծում: Հայաստանը Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղուվ ստանում տնտեսական բեռների և ապրանքների մեծագույն մասը: Երկաթուղու աշխատանքի խափանումները մեծապես դժվարեցնում էին հատկապես աղետի գոտու շինարարական և վերականգնողական աշխատանքները: Ադրբեջանի խորհրդային իշխանությունները թեև երբեմն դադարեցնում էին շրջափակումը` դա ներկայացնելով որպես բարի կամքի դրսևորում, սակայն, որպես կանոն, դա կարճ ժամանակ անց կրկին վերսկսվում էր: Հարավկովկասյան երկաթուղու Հայկական մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղանդիլյանը նոյեմբերի վերջին հայտնել էր, որ նույն ամսի 27-ին և 28-ին նախատեսված 36 շարժակազմից (1800 վագոն) ոչ մեկը չէր հասել Հայաստան: Պատճառը Ադրբեջանի երկաթուղայինների գործադուլն էր («Կոմունիստ», 30 նոյեմբերի, 1989թ.):
Նոյեմբերի 28-ի որոշումը դժգոհության մեծ ալիք է առաջացնում Հայաստանում. մամուլում տպագրվում են բազմաթիվ հոդվածներ, վերլուծություններ, որտեղ մտավորականները, աշխատանքային կոլեկտիվներն իրենց դժգոհությունն էին հայտնում ԽՍՀՄ ԳԽ անարդարացի որոշման դեմ:
«Անցյալ տարի որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման վերաբերյալ, հատկացվեց 400 մլն ռուբլի: Կատարվե՞ց այդ որոշումը: Իհարկե` ոչ: Ընդհակառակը, հատկացված գումարներն օգտագործվեցին ի վնաս Ղարաբաղի հայ բնակչության: Եվ ո՞վ կանչվեց պատասխանատվության դրա համար: Ոչ ոք: Ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտեն: Ինչ արվեց: Ոչինչ, վիճակն ավելի բարդացավ: Հետո երկար ժամանակ գազանային շրջափակման են ենթարկել Արցախն ու Հայաստանը, զբաղվում են վանդալիզմով, ջարդուփշուր են անում գնացքները, թալանում ապրանքները: …ԽՍՀՄ Գերագույն խորհրդի այս որոշումը լրիվ ոչնչացրեց ժողովրդի` առանց այն էլ արմատապես խաթարված հավատը, կենտրոնական իշխանությունների և արդարության նկատմամբ» («Խորհրդային Հայաստան», 2 դեկտեմբերի, 1989թ.):
Որոշման դեմ իր վճռական բողոքն է հայտնում նաև ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահությունը. «Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահությունը 1989թ. նոյեմբերի 29-ի նիստում անդրադառնալով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989թ. նոյեմբերի 28-ի որոշմանը` «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում իրադրությունը նորմալացնելու միջոցառումների մասին», գտնում է, որ Գերագույն խորհրդի այս որոշումը չի լուծում ԼՂԻՄ-ի ապագաղութացման հարցը և դրա լուծումը հանձնում է գաղութատիրոջը` Ադրբեջանին: ՀԽՍՀ ԳԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Վ. Հ. Համբարձումյան» («Խորհրդային Հայաստան», 2 դեկտեմբերի, 1989թ.):
Նոյեմբերի 30-ին Ստ. Շահումյանի անվան մշակույթի տանը սկսվում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին նաև ԼՂԻՄ Ազգային խորհրդի անդամները (ԼՂԻՄ Ազգային խորհուրդը ստեղծվել էր 1989թ. օգոստոսին, և մարզային գործադիր իշխանությունների լուծարման պայմաններում ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղը): Մինչ խորհրդարանը քննարկումներ էր անցկացնում, տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Բաղրամյանի պողոտայում` իրենց բողոքը ներկայացնելով Կենտրոնի որոշման դեմ: Դեկտեմբերի 1-ին, երեկոյան նստաշրջանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» պատմական որոշումը: