.jpg)
ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը 16,2%-ով աճել է
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 16,2%-ով (2012թ.` 15776, 2013թ.` 18333): Դրա հետ մեկտեղ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 16,7%-ով (156-130): Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության ամփոփագրի մեջ:
Ըստ այդմ՝ նվազել են նաև սպանության (50-48), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1640-1412), կողոպուտի (247-184), տրանսպորտային միջոց փախցնելու (61-51) և խուլիգանության (189-185), այդ թվում` զենքի գործադրմամբ (33-32) դեպքերը:
Հանցագործությունները հիմնականում աճել են բնակարանային գողության (1054-1323), յուրացման կամ վատնման (179-210), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (960-1050) դեպքերով:
Հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 433 դեպք, ինչը 2,4%-ով ավել է, քան նախորդ տարում (423): Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամավոր ներկայացրել են 792 միավոր հրազեն:
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում` հանրապետությունում 2,3%-ով նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (11719-11446)։ Տեղի է ունեցել կրկնահանցագործություների զգալի նվազում՝ 114-ով (441-327):
Որպես դրական միտում պետք է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 175-ով կամ 26,1%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (669-494):
Միևնույն ժամանակ` 0,7%-ով (80,1%-ից 80,8%) աճել է առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: