Վերջին հրաժեշտը հերոս սերժանտին. «Մնաս բարով, Արմեն...». Լուսանկարներ
22/01/2014 18:54

Վերջին հրաժեշտը հերոս սերժանտին. «Մնաս բարով, Արմեն...». Լուսանկարներ

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա հերոս սերժանտ Արմեն Հովհաննիսյանին:

Եռաբլուրում էին ինչպես զինվորի հարազատները, ընկերներ ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, ովքեր Արմենին չեն ճանաչել, բայց ում ապրելու իրավունքն իր կյանքով պաշտպանել է նա…

«Կորուստն անդառնալի է ու ցավալի: Որքան էլ մենք այսօր հարազատներին, ծնողներին, Հովհաննիսյանների ընտանիքին սփոփանքի խոսքեր ասենք, վիշտը շատ մեծ է, կորուստը՝ ադառնալի: Գնահատելի են միայն Արմենի կատարած սխրագործություններն ու քաջագործությունները՝ այն, որ նա, Արցախի մարտական դիրքերում գտնվելով, իրականացրեց իր ստորաբաժանման, ջոկի անդամների հետ միասին: Չափազանց դժվար է այսօր ներկայացնել, բայց Արմենի կատարածը սխրագործություն է ուղղված մեր երկրի անվտանգության ապահովմանը»,- վերջին հրաժեշտի արարաողության ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը.

Պաշտպանության նախարարի խոսքով՝ հունվարի 19-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերը հայկական դիրք են ներթափանցել մինչև ատամները զինված:

«Այդ մարտական գործողությունների ընթացքում Արմենն անձնուրացաբար, անձնական օրինակով, իր ընկերներին տանելով դեպի մարտի, զոհվեց: Էլի եմ ասում՝ չափազնաց դառն է կորուստը բոլորիս համար: Բայց ժամանակը նաև կբերի հպարտություն՝ նրա անցած ճանապարհի համար: Այն ճանապարհի համար, որ ինքն անցել է դեռ մինչև բանակ զորակոչվելը՝ լինելով իր ընտանիքի լավագույն զավակը: Այնուհետև, բանակում որպես կրտսեր հրամանատար, իր ենթակաների նկատմամաբ պահանջկոտության հետ մեկտեղ հարգելով նրանց արժանապատվությունը և հոգատար լինելով նրանց հանդեպ, այս ամենն է պատճառը, որ այսօր նա լրացնում է այն կրտսեր հրամանատարների շարքը, ովքեր արցախյան գոյապայքարի ժամանակ տարել են իրենց ստորաբաժանումները հաղթանակների ու զոհվել են՝ իրենց արյունը թափելով հայրենիքի ապահովության համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարն ընդգծեց, որ Արմեն Հովհաննիսյանի ու նրա ընկերների հետ մղած դիվերսիայի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մի քանի զոհ ու մոտ 25 վիրավոր:

«Զինվոր Արմենը գնում է հավերժական կյանք և իր շատ կարճ երկրային կյանքում նա ապահովեց դա: Մնաս բարով, Արմեն…»,- ասաց նախարարը:

Նշենք, որ այսօր Եռաբլուրում հերոս Արմեն Հովհաննիսյանին հետմահու շնորհված «Արիության մեդալը» պաշտոնապես հանձնվեց նրա հորը՝ Լևոն Հովհաննիսյանին: 


 

Վերջին հրաժեշտը հերոս սերժանտին. «Մնաս բարով, Արմեն...». Լուսանկարներ