Նալբանդյան. Ադրբեջանի դիվերսիան ուղղված էր բանակցությունները խոչընդոտելուն
22/01/2014 19:33

Նալբանդյան. Ադրբեջանի դիվերսիան ուղղված էր բանակցությունները խոչընդոտելուն

Հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիոն հարձակումը միտված է՝  խանգարելու բանակցային գործընթացը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եթե ուրիշ նպատակ էլ ունեն ադրբեջանցիները, բայց հիմնական նպատակը սա է: Անգամ եռանախագահներից մեկն իր Twitter-ի էջում  բավական հստակ ասել է, որ նման միջադեպերը, հրադադարի խախտումները, սադրանքները խանգարելու են բանակցային գործընթացը: Բայց պետք է շարունակել այդ գործընթացը, որովհետև այլընտրանք չկա»,- մանրամասնեց ԱԳ նախարարը:

Շարունակելով խոսքը՝ նախարարը նշեց, որ Ադրբեջանը ձևացնում է՝ եռանախագահներն ուրիշ կարծիք ունեն  այս հարցի շուրջ, սակայն միջազգային հանրությունը, Է. Նալբանդյանի խոսքով, մանդատ է տվել եռանախագահներին, որպեսզի նրանք այդ հարցը բարձրացնեն ամենաբարձր մակարդակի: 

«Ադրբեջանը ձևացնում է, թե իրեն չի վերաբերում այն, ինչ ասում են եռանախագահները: Արդեն հինգ հայտարարություն է ընդունվել, սա միակ կոնֆլիկտն է միջազգային հարաբերություններում, որ այդքան հայտարարություն է ընդունվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հայկական կողմը կիսում է եռանախագահների դիրքորոշումը, որ խնդիրը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ ճանապարհով:

Պատասխանելով հարցին, թե հակամարտությունը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների՞ հիման վրա, թե գոյություն ունի հակամարտության նոր ձևաչափ, նախարարը պատասխանեց, որ  հիմնարար սկզբունքները, որոնք ներկայացվել են եռանախագահության կողմից, մնում են բանակցությունների սեղանին:

«Եռանախագահողները բազմիցս կոչ են արել կողմերին՝ արագացնել պայմանավորվածության ձեռքբերումը հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք հիմնված են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, իրավահավասարության և ինքնորոշման, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Հայաստանը անցյալ տարի եռանախագահողների կոչով վերահաստատել է իր հանձնառությունը այդ սկզբունքների նկատմամբ: Ադրբեջանը շարունակում է անտեսել թե՛ այդ սկզբունքները, թե՛ եռանախագահների կոչերը»,- ասաց նա:

Ամփոփելով խոսքը՝ նախարարն ընդգծեց, որ բանակցությունները շարունակվում են, ինչի համար վաղը մեկնում է Փարիզ, որտեղ հանդիպում է ունենալու եռանախագահողների հետ և Ադրբեջանի արտգործնախարարի հետ: 

Նալբանդյան. Ադրբեջանի դիվերսիան ուղղված էր բանակցությունները խոչընդոտելուն