.jpg)
ԱԳՆ. Սպասում ենք, թե երբ Թուրքիան պատրաստ կլինի խոսել առանց նախապայմանների
Մենք սպասում ենք, թե երբ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով, թեև ձևացնում է, որ նախապայմաններ չկան: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով, որ միջազգային հանրության կողմից շարունակում է աջակցություն վայելել հենց Հայաստանի որդեգրած դիրքորոշումը՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմում:
Ի պատասխան հարցի, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ակնկալվո՞ւմ Թուրքիայի կողմից դիրքորոշման փոփոխություն, ԱԳ նախարարը պատասխանեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարը եկել ու կրկին խոսում էր նախապայմանների լեզվով, ասում էր այն, ինչ երեք-չորս տարի առաջ, ինչի համար էլ կասեցվեցին հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Ես էլ ասացի, որ չորս տարի առաջ էլ նույն բանն ես ասել ու հիմա էլ վերադարձել կրկնում ես, ուզո՞ւմ ես երեք-չորս տարի կամ ավելի կորցնենք: Մենք սպասում ենք, մինչև Թուրքիան պատրաստ կլինի խոսել առանց նախապայմանների»,- եզրափակեց խոսքը նախարարը: