.jpg)
Ներդնողների 57 %-ի կարծիքով՝ Իրանը առաջիկա 5 տարիներին անվտանգ երկիր չէ
Bloomberg Global Poll-ի՝ 477 գործարարների, ներդրումներ կատարողների և փորձագետների շրջանում անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանց մեծամասնությունն օտարերկրյա ներդրումների տեսանկյունից առաջիկա 5 տարիներին չի դիտարկում Իրանը որպես անվտանգ երկիր: Այդ կապակցությամբ բացասական է արտահայտվել հարցվածների 57 %-ը, դրական՝ 29 %-ը, իսկ 14 %-ը պատասխանել է «չգիտեմ»:
Հատկանշական է, որ այն հարցվածները, որոնք ԱՄՆ-ից են եղել, առավել հոռետես են գտնվել Իրանում ներդրումներ կատարելու անվտանգության և այդ երկրի տնտեսական վիճակի բարելավման հարցում, քան նրանք, ովքեր ԱՄՆ-ից չեն եղել:
Սա վկայում է այն մասին, որ ամերիկյան գործարարներն ու փորձագիտական շրջանակները դեռ գտնվում են հակաիրանական քարոզչության ազդեցության տակ, բայց հավանաբար նրանք շուտով կփոխեն իրենց դիրքորոշումը՝ վախենալով, որ կարող են դուրս մնալ Եվրոպայի իրենց գործընկերների հետ «Իրանի համար» մրցապայքարից:
Մյուս կողմից, շատ խաբուսիկ է «օտարերկրյա ներդրումների համար վտանգավոր» արտահայտությունը, քանի որ մեկի համար կարող է վտանգավոր լինել, մյուսի համար՝ ճիշտ հակառակը: Bloomberg Global Poll-ի անցկացրած հարցումներն Իրանի վերաբերյալ հենց դա էլ ապացուցել են: Այդուհանդերձ, զարմանալ պետք չէ, որովհետև նման դեպքերում կարևոր դեր է խաղում տվյալ երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, իսկ «վտանգավորության» համընդհանուր չափանիշները մղվում են երկրորդ պլան:
Բացի այդ, կարծում եմ՝ Bloomberg Global Poll-ի՝ Իրանի վերաբերյալ անցկացրած հարցումների արդյունքները բոլորովին այլ կլինեին, եթե դրանք անցկացվեին հիմա, այլ ոչ թե հունվարի 16-17-ին: Չմոռանանք, որ հունվարի 20-ին Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ կասեցնում է ուրանի 20% հարստացման աշխատանքները, որին հետևեցին ԱՄՆ և ԵՄ որոշումներն ԻԻՀ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասնակի վերացման մասին: Դա, անշուշտ, կարող էր ազդել հարցումների արդյունքի վրա: