.jpg)
Մայքլ Քոթանջյան. Ընտանիք եմ կազմել, բալիկս դարձավ 1 տարեկան. Lifepanorama
Կյանքում միշտ գալիս է մի շրջան, երբ գործնական ու ստեղծագործական գերակտիվությունը վերածվում է ընտանեկանի… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Մայքլ Քոթանջյանն է, ով ընթերցողին հայտնի է իր ուրույն ոճով, ինքնատիպ մտածողությամբ, պատանեկան խենթություններով, և այդ տարիներին շրջապատի հանդեպ չեզոք վերաբերմունքով…

-Վաղուց Ձեզանից նորություններ չունենք: Ինչո՞վ եք զբաղված:
-Այժմ աշխատում եմ իմ՝ թվով 4-րդ ձայնասկավառակի վրա: Արդեն մի քանի կատարումներ ձայնագրել եմ: Նախորդ տարի մեկ տեսահոլովակ ձայնագրեցի: Երգը հայրիկիս՝ Ռաֆայել Քոթանջյանի մասին է, կոչվում է «Արտիստ»…
-Հեռուսաեթերներում քիչ եք երևում, նախկինում առավել ակտիվ էիք, Ձեզ կարելի էր տեսնել տարբեր նախագծերում, հաղորդումներում: Հայացքները տարիքի հե՞տ փոխվեցին, թե հեռուստահաղորդումները որակապես ձեզ չեն բավարարում:
-Գրեթե բոլոր հաղորդումներից էլ առաջարկներ ստանում եմ, բայց ընտրում եմ այն ծրագրերը, որոնք, ըստ իս, ասելիք ունեն և ինձ հետաքրքիր կլինի մասնակցել… Բնականաբար, չեմ սիրում դատարկ ու ոչինչ չասող հաղորդումներ: Այսօր հեռուստաեթերներում մեծամասամբ այնպիսի հաղորդումներ են, որոնց ընթացքում ծաղրում են այս կամ այն երգչին, դերասանին, մարդուն… Ես ունեմ իմ սիրելի հաղորդաշարը, որի շրջանակներում հաճախ եմ հանդես գալիս. դա ATV հեռուստաընկերության «Ամենից-ամենա» ծրագիրն է… Բայց, ինձ թվում է, դեռ կլինեն նախագծեր, որոնք ինքս կյանքի կկոչեմ…
.jpg)
Փաստորեն, հնարավոր է Ձեզ շուտով հաղորդավարի՞ կարգավիճակում տեսնենք:
-Հաղորդավար ասելը սխալ կլինի, պարզապես հեղինակային հաղորդաշար եմ ուզում ներկայացնել… Յուրաքանչյուրն ունի իր մասնագիտությունը. երգիչը չպետք է դառնա հաղորդավար, և հակառակը… Հետաքրքիր նոր մտքեր ունեմ, տեսնենք, հնարավոր կլինի՞ այս տարի իրագործել…
-Չե՞ք վախենում, որ երկարատև լռությունը ձեզ մոռացության կտա…
-Դե, այդ աստիճան լուռ չեմ… Ասեմ, որ շատ կարևոր ու հարգելի պատճառ էլ ունեմ պասիվ լինելու համար. ընտանիք եմ կազմել: Բալիկս հունվարի 14-ին դարձավ 1 տարեկան: Հիմա առօրյաս ու միտքս ընտանիքով, քան աշխատանքային վիճակով է զբաղված…
-Այդ պասիվությամբ ընտանիք պահելը դժվար չէ՞: Թե,՞ շատերի պես, ընտանեկան բիզնես ունեք:
-Այնպես չի, որ աշխատանքից ամբողջովին կտրվել եմ, պարզապես եթերում եմ քիչ երևում… Հաճախ ենք հայրիկի հետ համերգներ ունենում, և ոչ միայն Հայաստանում… Դեռ բիզնես չունենք, բայց վատ միտք չի, դեմ չեմ այդ տարբերակին: Մտածում եմ, գուցե ձեռնարկեմ ինչ-որ բան, որը օգտակար կլինի ոչ միայն ինձ…
-Ի՞նչ բիզնեսի մեջ եք Ձեզ պատկերացնում…
-Երևի ստեղծել ակումբ, փաբ… Չգիտեմ, բայց երաժշտության հետ կապված գործունեություն…
-Մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, երբեմն ֆինանսական խնդիրների պատճառով, ստիպված են լինում աշխատել ռեստորաններում…
-Ճիշտն ասած՝ ոչ ռեստորաններում, ոչ հարսանիքներին չեմ կարող աշխատել: Նախ՝ իմ երգացանկը չի համապատասխանում այդ տեղերին: Նաև մտածելակերպի խնդիր է: Գտնում եմ, որ էստրադային երգիչը պետք է երգի թատերական, միջազգային բեմում…
-Դուք բեմում հաճա՞խ եք լինում:
-Իհարկե… Օրինակ այս ամսի 25-ին ես և հայրս միասին հաշվետու համերգ ենք ունենալու: Տարվա կտրվածքով նման համերգ 10-15 անգամ ունենում ենք և Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ռուսաստանում, Հայաստանի տարբեր մարզերում… Վերջերս Արցախից ենք վերադարձել…

-Երկուսով մեկ բեմում ի՞նչ ծրագիր եք ներկայացնում:
-Երաժշտական հատվածն իմ ուսերին է, թատերական բոլոր հատվածները հայրիկինն են… Բենեֆիսային շոու-ծրագիր է և իր մեջ պարունակում է մեր լավագույն կատարումները…
-Ձեր կինը ձեր բնագավառի հետ կապ ունի՞: Աշխատո՞ւմ է:
-Բնագավառի հետ այո, կապ ունի. ավարտել է Թատերական ինստիտուտի հնչյունային ռեժիսուրայի բաժինը: Բայց չի աշխատում…
-Ինչո՞ւ: Փոքրիկի խնամքի պատճառո՞վ, թե դուք եք դեմ կնոջ աշխատելուն:
-Ի սեր Աստծո, ես նման հայացքներ չունեմ: Երբ ինքը ցանկանա, կաշխատի, իհարկե… Պարզապես Հայաստանում իր բնագավառը շատ թերի է, ԱՄՆ-ում է այդ մասնագիտությունը պահանջված… Այնտեղ ֆիլմեր շատ են նկարահանվում և լուրջ աշխատանք են տանում ձայնային բոլոր էֆեկտների վրա… Հայաստանում ֆիլմեր քիչ են նկարահանվում, իսկ հնչյունային ձևավորումը այդքան էլ պետական մոտեցում չունի… Կարծում եմ՝ չաշխատելու պատճառը սա է…

-Մայքլ, դրսում շոու-բիզնեսը, կարծում եմ, ևս շատ զարգացած է…Չե՞ք մտածում դրսում ապրելու մասին, որտեղ և՛ դուք, և՛ ձեր կինը գուցե ավելի մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ ունենաք…
-Բազմիցս եմ եղել այլ երկրներում, ապրելու ու աշխատելու առաջարկներ շատ եմ ստացել… Բայց մեզ մոտ այդ հարցը շատ կտրուկ է դրված. հայրս բոլորովին դեմ է մեր ընտանիքի՝ Հայաստանից բացակայելու գաղափարին: Նա ոչ մի կերպ չի պատկերացնում երկրից դուրս ապրելու տարբերակը… Իսկ նա ինձ համար շատ թանկ ու կարևոր մարդ է, և նույնիսկ, եթե հենց հիմա շատ լավ ու նպաստավոր առաջարկ ստանամ՝ չեմ համաձայնի…
-Եթե չեմ սխալվում, դուք միակ զավակն եք…
-Այո, միակ և անփոխարինելի (ծիծաղելով)…
-Ծնողների հե՞տ եք ապրում:
-Ոչ, առանձին ենք ապրում՝ մեկ հարկ վերևում…
-Ասացիք, որ Ձեր դստրիկն արդեն մեկ տարեկան է: Նրա ծնունդը ձեր կյանքում ի՞նչ փոխեց…
-Մտածելակերպ, վիճակ, առօրյա… Մի խոսքով՝ ամեն ինչ…
-Կամակո՞ր բալիկ է:
-Լինում են դեպքեր, որ մի քիչ ավելի ուշադրություն է պահանջում: Ուզում է անդադար իր հետ խաղան, իրենով զբաղվեն… Հանգիստ բալիկ չի, ակտիվ, նույնիսկ կարելի է ասել գերակտիվ երեխա է…
-Չե՞ք մտածում երկրորդ զավակի մասին:
-Իհարկե մտածում ենք… Առաջնեկս աղջիկ է, որին Լիկա եմ անվանել, կցանկանայի նաև տղա ունենալ…

-Պապիկի պատվի՞ն կկոչեք:
-Անպայման… Լինելու է Ռաֆայել Քոթանջյան…
-Հանգստյան օրերն ինչպե՞ս եք սիրում անցկացնել:
-Ընտանիքիս, ընկերներիս հետ… Ես ընկերասեր մարդ եմ և ունեմ մանկության լավ ընկերներ… Սիրում ենք ընտանիքով բնության գրկում լինել, Հայաստանի գեղեցիկ վայրերում: Հաճախ ենք զբոսնում մեր քաղաքում…
-Կյանքում կա՞ մի բան, ինչի համար զղջացել եք…
-Չկա, տա Աստված, որ ապագայում էլ չլինի… Ինձ թվում է՝ դա շատ տհաճ զգացում է…
-Ձեր շուրջ ևս խոսակցություններ շատ էին լինում… Բամբասանքներին ինչպե՞ս եք վերաբերում: Կմտաբերե՞ք ամենաթարմ ասեկոսեն…
-Ժողովուրդը սիրում է խոսակցություններ… Հաճախ նաև հենց շոու-բիզնեսի ներկայացուցիչներն են խոսակցություններ տարածում… Դա արդեն տհաճ է… Տարածված բամբասանքներից էր այն, որ ամուսնացել եմ Լիլիթ Կարապետյանի հետ: Նույնիսկ մինչև վերջերս զանգում, հարցնում էին…
Հարցազրույցի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: