Վարդանիկի որդին սպառնացել է «խփել տալ»  Գյումրու քաղաքապետին
22/01/2014 09:53

Վարդանիկի որդին սպառնացել է «խփել տալ» Գյումրու քաղաքապետին

Երեկ «Հայկական Ժամանակը» Գյումրիից տեղեկություն է ստացել, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը նրա հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել:

Ըստ նույն աղբյուրների` կրտսեր Ղուկասյանը և յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Գյումրեցիները թերթի հետ զրույցներում նշել են, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2012 թվականին, որը սակայն, անհետևանք է մնացել:

Հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետի առանձնատունը հսկվում է տեսախցիկներով, երեկ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանից թերթի թղթակիցը հարցրել է՝ արդյոք Բալասանյանը իրավապահներին է ներկայացրե՞լ դեպքի տեսագրությունը: «Սամվել Բալասանյանը Հայաստան է վերադարձել երեկոյան և նշված տեղեկությանն ականատես չի եղել: Տան մերձակայքում իսկապես կան տեսանկարահանող սարքեր և տեսագրությունը դիտելուց հետո միայն կկարողանանք հետագա քայլերի մասն խոսել»,- պատասխանել է Զ. Եգանյանը:

Նշենք, որ Գյումրի քաղաքապետն այս օրերին գտնվում էր Ամերիկայի Միացյալ նահանգներում:

Վարդանիկի որդին սպառնացել է «խփել տալ» Գյումրու քաղաքապետին