.jpg)
Ռոսսելը մեղադրվում է 40 մլն յուրացնելու մեջ
«Բարսելոնի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբի այժմյան ղեկավար Սանդրո Ռոսսելը պետք է բացատրություններ տա` կապված բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխության հետ:
«Նախագահ Սանդրո Ռոսսելը պետք է «Բարսելոն» ֆուտբոլային ակումբի անդամներին բացատրություններ տա: Դա վերջիններիս իրավունքն է: Նրա լռությունը վնաս է հասցնում «Բարսելոնի» հեղինակությանը»,- ասել է Լապորտան:
Հիշեցնենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Նեյմարի տեղափոխության համար կատալոնյան ակումբը վճարել է ոչ թե 57 մլն եվրո, այլ զգալիորեն ավելի մեծ գումար: Այժմ, կապված դրա հետ, հետաքննություն է իրականացվում:
Ավելացնենք, որ այսօր «Բարսելոնի» տնօրենների խորհուրդը հատուկ նիստ կգումարի, որում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ակումբի ղեկավարի պաշտոնում Ռոսսելի ապագայի հարցը: Վերջինս մեղադրվում է Նեյմարի տեղափոխության գործընթացում 40 մլն յուրացնելու մեջ:
Այսօր, ի դեպ, տեղեկատվություն է տարածվել, որ Ռոսսելը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Իսկ «Բարսելոնի» տնօրենների խորհրդի նիստը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: