.jpg)
Կիևում հայ երիտասարդին սպանողի համար հայ համայնքը գլխագին չի սահմանել
Ուկրաինական ԶԼՄ-ներում և սոցկայքերում հայտնվել է մի լուսանկար, որտեղ երևում է, որ Կիևի տարբեր փողոցներում փակցրել են նախօրեին «Մայդանում» սպանված հայ երիտասարդի նկարը, որի վրա կա հայտարարություն: Նրան սպանողի համար գլխագին է սահմանվել:

«Ուշադրություն։ Հայ Սերգեյ Նիգոյանի մարդասպանի մասին տեղեկության համար կվճարենք 5 հազ. դոլար, նրա գլխի համար՝ 100 հազ. դոլար»,- գրված է հայտարարության մեջ:
Մինչ այդ, Ուկրաինայի հայ համայնքը կտրականապես մերժել է այդ հայտարարության հետ որևէ առնչություն և նաև նշել, որ սպասում են հայ երիտասարդի մահվան հանգամանքների հրապարակմանը:
Նշենք, որ լուսանկարը հայտնվել է Facebook-ի օգտատերերից Միքայել Կարապետյանի էջում, ում և ուկրաինական լրատվամիջոցները վերագրում էին Սերգեյ Նիգոյանին սպանողի համար հայտարարված «որսի» մասին հայտարարությունը: Դրանից հետո Մ. Կարապետյանը հերքել է տեղեկությունը` նշելով, որ լրագրողները խեղաթյուրել են իր խոսքերը:
«Ոչ մի արյան վրեժի կոչ չի եղել իմ կողմից»,- Կարապետյանի խոսքերն է մեջբերում Комсомольская правда-ն:
Հիշեցնենք, որ Սերգեյ Նիկոյանը սպանվել է երեկ: Նրա գլխին և վզին հրազենային վնասվածքներ են եղել: Երիտասարդը 20 տարեկան էր: Նա «Եվրամայդանի» ակտիվ մասնակիցներից էր:
Նախորդող հրապարակումներ՝ Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)
Ալեքսանդր Բոժկո. «Ներիր, Սերգեյ ջան, Ուկրաինան չկարողացավ պահպանել քեզ»