.jpg)
Փաստաբան. Վարդան Պետրոսյանը փորձում է խուսափել պատասխանատվությունից
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով նախաքննությունն ավարտվել է: Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրեն բանավոր հայտնել են այդ մասին և ինքը այժմ գնում է այդ նյութերը վերցնելու համար:
Ռ. Բալոյանը Վ. Պետրոսյանի կողմի ընտրած տակտիկան անարդար է համարում:
«Վ. Պետրոսյանը ասում է, որ զղջում է կատարվածի համար, սակայն իրականում չի զղջում, իսկ տուժող կողմին ձևական զղջումը պետք չէ: Զղջալու դեպքում` նա պետք է իրեն մեղավոր ճանաչեր, իսկ ինքը փորձում է ամեն գնով խուսափել քրեական պատասխանատվությունից: Վ. Պետրոսյանը, ցանկության դեպքում, կարող էր ցուցմուքն տալ, և եթե անգամ քննիչը կոպտորեն խախտած լիներ հարցաքննության կարգը, ինքը կարող էր իր ցուցմունքը գրել և ուղարկել գլխավոր դատախազին: Ոչ ոք չի կարող զրկել Վ. Պետրոսյանին ցուցմունք տալու հնարավորությունից, և եթե նա նախաքննության փուլում ցուցմունք տար, դա մեզ համար ընդունելի կլիներ: Հիմա, երբ նրանք կստանան գործի նյութերը, արդեն իրենք կկողմնորոշվեն, ինչ ցուցմունք տալ: Օրենքը նման բան չի արգելում, սակայն սիրված դերասանի կողմից սա անընդունելի է»,- ասաց նա:
Ռ. Բալոյանը նշեց, որ եթե դատարանում փորձեն ներկայացնել վթարի 3 D մոդելավորման որևէ տեսահոլովակ, ինքն էլ կարող է նման բան պատրաստել՝ իրենց ձեռնտու տարբերակով, և այն չի կարող հիմք հանդիսանալ:
Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց կհայտնեն նախաքննության ավարտի մասին, երբ որ մյուս կողմը ծանոթանա նյութերին:
«Մեղադրանքի կողմը հավաքում է իրենց ապացույցները, դատարանը որոշում է, ով է անմեղ, ով մեղավոր: Պաշտպանական կողմը մի շարք ապացույց ունի, որոնք էական նշանակություն ունեն գործի համար, և դրանք չենք ուզում այս փուլում ներկայացնել, այդ պատճառով էլ Վ. Պետրոսյանը ցուցմուքն չի տվել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյանը Էրեբունի հիվանդանոցում է
«Զզվելի հերյուրանք է այն, որ Վարդան Պետրոսյանը հարբած է եղել»
Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած Ա. Հակոբյան. «Շոու են սարքել»