.jpg)
ԿԲ-ում գրանցված կենսաթոշակային ֆոնդերը պարտադիր կեսնաթոշակայինի փորձ չունեն
Այսօր Կենտրոնական բանկում կենսաթոշակային կուտակային համակարգի ընթացիկ վիճակը ներկայացրեց ԿԲ-ի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվում է պարտադիր բաղադրիչով: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ այժմ մեկ աշխատողը պահում է մեկ կենսաթոշակառուի, իսկ մի քանի տարի անց` կապված ծնելիության նվազման, մարդկային պակաս ռեսուրսների հետ, նախընտրելի է, որ յուրաքանչյուրը ինքը կուտակի իր կենսաթոշակը:
Aysor.am-ի հարցին, թե ինչպիսի՞ն է պատճառաբանությունը եվրոպական երկրներում, որտեղ գործում է համակարգը, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ «Սովորաբար ամեն տեղ նույն տիպի պատճառաբանություն է»:
Նշենք, որ ԿԲ-ն «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ ընկերություններին տրամադրել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն. Ընկերությունները գրանցված են Ֆրանսիայում, Գերմանիայում և Ավստրիայում:
ԿԲ պաշտոնյան օրինակ բերեց Գերմանիան, որտեղ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգն է գործում և պարտադիր համակարգը չկա, արդեն իսկ խնդիրներ են առաջացել. մարդիկ անհագստացած են` 15 տարի հետո այնտեղ թոշակ չեն կարող տալ:
Իսկ թե որտե՞ղ է գործում պարտադիր բաղադրիչով կուտակային կենսաթոշակային համակարգ հարցին, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ «շատ երկրներում է գործում», հետո հստակեցրեց, որ ոչ թե գործում, այլ ներդրվում է Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ:
Իսկ թե ինչի՞ հիման վրա են ընտրել «փորձառու» «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ կազմակերպությունները, եթե դրանք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի փորձ չունեն, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ դրանք ունեն «կենսաթոշակային ֆոնդերի կառավարման կամավորի» փորձ:
Իսկ մենք կարո՞ղ ենք, օրինակ, վստահել այնպիսի ֆոնդերի, որոնք պարտադիր բաղադրիչով չեն աշխատել, ԿԲ ներկայացուցիչը միանաշանակ պնդեց. «Այո»: