.jpg)
Կընդունի՞ արդյոք Իլհամ Ալիևն Իրանի նախագահի առաջարկությունը
Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ռոհանիի՝ նախագահ ընտրվելուց հետո սա նրանց առաջին հանդիպումն է. Ալիևը 2013թ. օգոստոսին տեղի ունեցած ԻԻՀ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը չէր մասնակցել:
Դավոսում տեղի ունեցած Ռոհանի-Ալիև հանդիպման ուշագրավ բաղադրիչն այն է, որ Հ.Ռոհանին հայտարարել է, թե Իրանը պատրաստ է նավթի և գազի ոլորտում ունեցած փորձը փոխանցել Ադրբեջանին:
Ինչպես հայտնի է, Իրանը և Ադրբեջանը Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված որոշակի տարաձայնություններ ունեն: Վերջին տարիներին իրավական կարգավիճակի հարցում Ռուսաստանը Ղազախստանի և Ադրբեջանի հետ կարծես թե համաձայնության է եկել, սակայն Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանն այս հարցում դեռ որոշակի տարաձայնություններ ունեն: Իրանը գտնում է, որ ծովը պետք է բաժանվի հինգ հավասար մասի, և բացառում է որևէ այլ տարբերակի քննարկում:
Նախորդ տարի Իրանը հայտարարեց, որ Կասպից ծովում գազի և նավթի նոր հանքավայրեր է հայտնաբերել, որի նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է, իսկ գազի հանքավայրից Թեհրանը նախատեսում է ավելի քան 50 հազար միլիարդ խորանարդ ֆուտ գազ արդյունահանել:
Բացի իրավական հարցից, Թեհրանն ու Բաքուն լուրջ տարաձայնություն ունեն Կասպից ծովում գտնվող նավթային հանքերի պատկանելիության առնչությամբ: Բանն այն է, որ Ադրբեջանը, շահարկելով ծովի իրավական կարգավիճակի դեռևս լուծված չլինելու հանգամանքը, պնդում է, թե Իրանի կողմից հայտնաբերված և շահագործման փուլում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքը ոչ թե պատկանում է Իրանին, այլ այն գտնվում է Ադրբեջանին և Թուրքմենստանին հարող ընդհանուր ջրերի տիրույթում:
Ի պատասխան Բաքվի հավակնությունների՝ Կասպից ծովում իր դիրքերն ամրապնդելու նպատակով Իրանը 2013թ. մարտին Կասպից ծովի ջրեր իջեցրեց տեղական արտադրության «Ջոմարան 2» ռազմանավը:
Վերլուծելով Հասան Ռոհանիի հայտարարությունը՝ ակնհայտ է դառնում, որ այդ կերպ Իրանը փորձում է ներգրավվել Ադրբեջանի էներգետիկ համակարգում՝ բարձրացնելով Հարավային Կովկասում իր ունեցած դերակատարության մակարդակը, որը նախկին նախագահ Մ.Ահմադինեժադի օրոք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով նվազել էր:
2013թ. դեկտեմբերի վերջին Ադրբեջանի պետական նավթային ընկերության` «Սոկարի» և բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիում» նավթային ընկերության միջև ստորագրվեց այսպես կոչված «դարի պայմանագիրը», որով պետք է մեկնարկի «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլը:
«Սոկարի» փոխտնօրեն Խոշբախթ Յուսեֆզադեն մինչ սույն պայմանագրի ստորագրումը, հայտարարել էր, որ «Շահ Դենիզ» գազի հանքավայրում գազի արդյունահանումը 1/5-ով նվազել է: Բացի այդ, 2013թ. Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալներում ևս նվազում է տեղի ունեցել:
Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանի հարցում գերտերությունների կայացրած որոշումների վրա մեծ ազդեցություն է գործում տնտեսական գործոնը. Դրա վառ ապացույցը վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած դիվերսիայի վերաբերյալ քննադատական հայտարարությունների բացակայությունն է:
Հունվարի 20-ին ժնևյան համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նավթի արտահանման ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարեցին. Սա նշանակում է, որ նավթի և գազի առևտրի ոլորտում Իրանը կարևոր և հեռանկարային գործընկեր է դառնում Արևմուտքի համար, իսկ այդ պարագայում Ադրբեջանն Արևմուտքի մոտ կկորցնի իր երբեմնի «մենաշնորհային» դիրքը: Գուցե այդ պարագայում Իլհամ Ալիևը զերծ կմնա տարածաշրջանն ապակայունացնելուն միտված իր անպատիժ գործողություններից:
Հաշվի առնելով Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ներկա մակարդակը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իրանի նավթի արտահանման նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների կասեցումը, ինչպես նաև Հարավային Կովկասում Իրան-Թուրքիա մրցակցային հարաբերություները՝ քիչ է հավանականությունը, որ Բաքուն կհամաձայնի Թեհրանի հետ նավթի և գազի ոլորտում համագործակցել: