.jpg)
Համագործակցության առաջին պայմանագիրն սկսում է գործել
Անցյալ տարվա մայիսին Հայաստանում հյուրընկալված Բելառուսի նախագահ, այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Երևանում համագործակցության պայմանագիր ստորագրեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կողմերը համաձայնեցին փոխայցելությունների կարգով առանձին մարզիկներ և թիմեր գործուղել Հայաստան և Բելառուս` պայմանով, որ ծախսերը կկատարի հյուրընկալող երկրի օլիմպիական կոմիտեն: Եվ ահա խոսքը գործի է վերածվում:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, հունվարի 26-ին Հայաստան կժամանի Բելառուսի դահուկային սպորտի ազգային հավաքականը, որը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Սա, փաստորեն, նախապատրաստական վերջին փուլը կլինի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրեին: Ծաղկաձորի նոսր թթվածնային պայմանները կխթանեն Բելառուսի մարզիկներին` լավ հանդես գալու ծովի մակերևույթին հավասար, թթվածնով հարուստ Սոչիի մրցուղիներում:
Հյուրերին կընդունի և օլիմպիական խաղեր կճանապարհի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Հռոմում ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը համագործակցության պայմանագրեր է ստորագրել եվրոպական ևս վեց երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ: