Լիլու. Հարուստ սիրեկանից առանձնատուն չեմ ստացել. Life.Panorama.am
24/01/2014 19:26

Լիլու. Հարուստ սիրեկանից առանձնատուն չեմ ստացել. Life.Panorama.am

Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երգչուհի Լիլուն է, ով լինելով անմիջական ու շփվող անձնավորություն՝ միշտ մնում է բամբասանքների ու խոսակցությունների էպիկենտրոնում է: Բայց նա արդեն սովորել է այդ վիճակին և փորձում է կյանքին նայել այլ տեսանկյունից: Ի՞նչ հայացքներ են փոխվել նրա մեջ, ինչի՞ է պատրաստ հանուն սիրած տղամարդու և արդյոք կա՞ այդ տղամարդն այժմ նրա կյանքում, կբացահայտի հենց ինքը:

-Այժմ ինչո՞վ եք զբաղված:

-Աշխատում եմ նոր երգերի վրա, նոր տեսահոլովակ պետք է նկարահանեմ: Կոչվում է «Մի րոպե հետո»… Շուտով կհանձնեմ հեռուստադիտողի ուշադրությանը: Նաև պատրաստվում եմ մեկնել Եվրոպա՝ հյուրախաղերի…

-Երգը սիրո՞ մասին է:

-Ոչ, սիրային երգ չի, բայց թող անակնկալ մնա:

-Իսկ նկարահանումները «Երե 1»-ում շարունակվո՞ւմ են:

-Այո, իհարկե: Հիմա եթերաշրջանը ավարտվել է, նորը կսկսվի հավանաբար մարտ-ապրիլ ամիսներին:

 

-Հեռուստատեսային այլ առաջարկներ չունե՞ք: Օրինակ՝ աշխատել հաղորդավար, դա այսօր արդիական է չէ՞:

-Ոչ-ոչ, ես չեմ ուզում նման բաներով զբաղվել: Կարծում եմ՝ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի…

-Բայց «Երե 1»-ում հանդես գալը նույնպես ձեր մասնագիտության հետ կապ չունի…

-Այնքան էլ տարբեր չի իմ մասնագիտությունից… Բեմի վրա բոլորն էլ արտիստ են, խաղում են, «աշխատում» հանդիսատեսի հետ՝ լինի երգիչ, թե դերասան…

-Լիլու, բնավորությամբ հանդա՞րտ եք, թե՞…

-Այնքան ժամանակ եմ հանդարտ, մինչև ինձ հունից չեն հանում…

-Բայց ասում են՝ շատ շուտ եք բորբոքվում:

-Չէ, շուտ չեմ բորբոքվում: Թեև խառնվածքով մի քիչ անհանգիստ եմ, բայց արդեն որքան ժամանակ է՝ ինձ սովորեցրել եմ, որ այդպես չպետք է լինի: Ինձ վրա աշխատելով՝ որոշել եմ շուտ չբռնկվել, չնյարդայնանալ, քանի որ դա վնաս է իմ առողջությանը…

-Ձեզ ի՞նչը կարող է հունից հանել:

-Սուտը, երբ նայեն աչքերիս մեջ ու սուտ խոսեն…

-Կարո՞ղ եք հիշել՝ վերջին անգամ նման իրավիճակում երբ եք հայտնվել:

-… Փառք Աստծո, վերջերս նման դեպք չի գրանցվել… Գիտեք, եթե ինձ շատ մտերիմ մարդ է խաբում, միգուցե շատ ծանր տանեմ: Բայց եթե այդ մարդն ինձ համար միևնույնն է, կարող եմ աչք փակել այդ ստի վրա, անտեսել…

-Բայց դուք այնպիսի մասնագիտություն եք ընտրել, որ ուզեք-չուզեք, պարբերաբար ստի հետ առնչվելու եք՝ բամբասանքներ, ասեկոսեներ… Խոսակցություններ, որոնք ոչ միշտ են իրականությանը համապատասխանում…

-Այդ բամբասանքներին ես վաղուց ականջ չեմ դնում, ինձ համար միևնուն է… Եթե մի երևույթի անուն բամբասանք է, լուրջ չեմ վերաբերում: Կայացած մարդիկ երբեք չեն բամբասի… Անձամբ ես չեմ բամբասում, չեմ էլ սիրում բամբասողներին…

-Բայց բոլորովին չանդրադառնալ դրանց՝ չեք կարող չէ՞: Ի վերջո, եթե լռեք, մարդիկ կհավատան խոսակցություններին:

-Գիտե՞ք, ինչքան էլ պատասխանես կամ բացատրես, խոսակցությունները շարունակվելու են: Մարդկանց մի տեսակ կա, որ դա իր կյանքի զբաղմունք, մաս է համարում: Որքան էլ հերքեմ՝ միևնույն է, բամբասողը կբամբասի, ոչնչ չես կարող անել…

-Փորձենք մեկ-երկու խոսակցությունների հենց հիմա վերջ դնել, կամ, գուցե, հաստատել, չգիտեմ… Օրինակ, հաճախ են խոսում, որ դուք բազմաթիվ վիրահատություններ եք տարել…

-Բազմաթի՞վ… Չի համապատասխանում իրականությանը: Վիրահատություններ եղել են, բայց ոչ բազմաթիվ…

-Իսկ այն, որ շքեղ առանձնատուն եք նվեր ստացել ձեր հարուստ երկրպագուից, ավելի ճիշտ՝ սիրեկանից…

-Ոչ հիմնավոր ու սուտ խոսակցություններ են, նման բան չկա:

-Իսկ մարդիկ ինչո՞ւ են սիրում այդ մասին խոսել, որտեղի՞ց են հորինում:

-Ուղղակի պատկերացնում են, որ լինելով միայնակ երգչուհի, նկատելի կին՝ հնարավոր է, որ ունենամ հարուստ սիրեկան, որն էլ ինձ կնվիրի առանձնատուն…Ես այդպիսի բաների վրա բարձր ծիծաղել կարող եմ միայն…

-Լիլու, ինչպես ինքներդ նշեցիք, միայնակ եք ապրում, ու, բնականաբար, ձեր և հաջողությունների, և անհաջողությունների միակ մեղավորը դուք եք… Բայց կարողացել եք ունենալ ձեռքբերումներ… Ձեզ ուժեղ կին համարո՞ւմ եք:

-… Ուժեղ մարդ եմ համարում… Իհարկե այն, որ արդեն ունեմ ձեռքբերումներ, վկայում է իմ ուժեղության մասին…

-Ֆինանսական առումով չե՞ք դժվարանում: Հայաստանում միայնակ երգչուհուն դժվար չէ՞: ինքնե՞րդ եք ձեզ հովանավորում:

-Իհարկե դժվար է, բայց ես աշխատում եմ, ինձ օգնում է նաև ծնողս…

-Փաստորեն ծնողից ֆինանսապես կախվածություն մնում է…

-Ոչ, կախվածություն չունեմ իհարկե: Պարզապես նորմալ է, որ ծնողը միշտ իր զավակի կողքին է՝ անկախ տարիքից… Դա շատ լավ զգացողություն է… Քանի որ ծնողս ինձանից հեռու է, բնականաբար ուզում է իր զավակին աջակցած լինի՝ հաշվի առնելով, որ միայնակ ապրող աղջիկ եմ և ունեմ բազմաթիվ հոգսեր… Այնպես որ նորմալ է, որ ինձ օգնում ու հոգ է տանում իմ մասին…

-Ի՞նձ է թվում, որ քչախոս եք… Կամ, գուցե զգուշավո՞ր…

-Կյանքն այնպիսին է դարձել, որ կամա, թե ակամա, բոլորս դարձել ենք զգուշավոր.. Ձեր նկատմամբ զգուշավորություն չեմ ցուցաբերում, պարզապես միշտ աշխատում եմ միայն տրված հարցերին պատասխանել ու շատ չխոսել…

-Բայց լրագրողներից երբեմն վիրավորվում եք, ճի՞շտ է:

-Ես չեմ ուզում քննադատել, կամ փնովել որևէ մեկի աշխատանքը, բայց շատերը փորձում են անհիմն ու սկանդալային վերնագրեր դնել, որը հրահրում է շատ պարապ մարդկանց աննպատակ քոմենթներ գրելու ցանկությունը… Գոյություն ունի լրագրողական էթիկա, պետք է փաստացի նյութերով աշխատել, և ոչ թե վերնագրեր դնել՝ ըստ շրջանառվող լուրերի… Ես ունեմ լրագրող ընկերներ, որոնց անչափ սիրում եմ… Միշտ ասում եմ՝ գրեք այն, ինչ կա, ավելորդ ոչինչ պետք չէ, որը անհարմարություն ու տհաճություն կպատճառի դիմացինին… Նորմալ չի, որ մի երկու ավել լայքի համար ինչ ասես գրում են…

-Հիասթափություններ միշտ էլ մարդիկ ունենում են… Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել նման հոգեվիճակները:

-Շատ հեշտ. փակում եմ այդ էջն ու անցնում առաջ…

-Ընկերների, փարթիների օգնությա՞մբ…

-Ոչ, ինքս իմ մեջ: Երբեք չեմ փորձում հուսահատությունս խեղդել փարթիների կամ այլ բաների մեջ… Մտածում ու հասկանում եմ, որ սա կյանք է ու ամեն ինչ էլ մարդու համար է… Ամեն բան անցողիկ է…

-Ո՞րն է ձեր ամենամեծ հիասթափությունը:

-Այս պահին չեմ հիշի…Թեև մեծ հիասթափություն չեմ էլ ունեցել: Եղել են դեպքեր, որ դիմացինից նման քայլ չեմ սպասել…Բայց արդեն տեղ չեմ տալիս այնպիսի բաների, որոնք կարող են ինձ վնասել…

-Ձեր բնագավառի մարդիկ, երբ կանգնում են կարիերա-ընտանիք ընտրության առջև, հաճախ ընտրում են առաջինը… Դուք հանուն ինչի՞ եք պատրաստ թողնել բեմը:

-Շատ հաճելի է, երբ ամեն ինչ համատեղում ես և դա լինում է համաձայնեցված… Բայց եթե երկընտրանք լինի, առավել շատ կկարևորեմ ընտանիքը… Թեև բեմն արդեն իմ կյանքի մի մասն է, չի անջատվում իմ կյանքից, բայց եթե ընտրության առջև կանգնեմ, ապա կընտրեմ ՆՐԱՆ…

-Փաստորեն զոհաբերությունների պատրաստ եք:

-Այս պարագայում զոհաբերություն ասելը մի քիչ կոպիտ է: Բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ամենակարևոր նպատակը ընտանիքն է: Իհարկե, քո աշխատանքը շատ կարևոր է, բայց ինձ համար առողջությունն ու ընտանիքը ամենից ամենան են…

-Այսինքն մինչև հիմա ընտրության առջև չեք կանգնել

-Դեռ ոչ…

-Հիմա չկա՞ այն մեկը, ում պատկերացնում եք ձեր կողքին:

-Ոչ, անձնական կյանքում ամեն ինչ լուռ է… Ես չեմ փորձում պատկերացնել իմ ապագա սիրած տղամարդուն: Կյանքն անկանխատեսելի է, կարող ես ուրիշ բան պատկերացնել, բայց բոլորովին այլ բանի հանդիպել… Մենք միշտ էլ փորձում ենք մեր պատկերացումները իդեալականին մոտեցնել, բայց ոչ-ոք իդեալական չի, մենք նույնպես…Փառք Աստծո, երբ հայտնվի, կարծում եմ բոլորը տեղյակ կլինեն նրա մասին… 

Լիլու. Հարուստ սիրեկանից առանձնատուն չեմ ստացել. Life.Panorama.am