Հասրաթյան. Հայկական կողմից զոհերի մասին տեղեկությունը սուտ է
24/01/2014 11:40

Հասրաթյան. Հայկական կողմից զոհերի մասին տեղեկությունը սուտ է

«Ադրբեջանական լրատվամիջոցները հղում են տալիս ինչ-որ բարձրաստիճան ադրբեջանցի սպայի: Ադրբեջանական բանակի սպաները` փոխանակ զբաղվելու իրենց անմարտունակ և այլասեռված զինուժի պատրաստությամբ, պարզապես զբաղվում են ճշմարտության հետ որևէ աղերս չունեցող անհիմն բաների քարոզչությամբ»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությանը, թե Ադրբեջանի ԶՈւ-ն Ֆիզուլիի ուղղությամբ 7 հայ զինծառայող է ոչնչացրել, ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:

Նա նշեց, որ այդ քարոզչությունը ոչ այլ ինչ է, քան վերջին օրերին սեփական բանակում իրար հաջորդող կորուստների շարքի արդյունք:

«Բաքվի լրատվամիջոցների տարածած տեղեկությունները շարքային երևակայության արդյունք են և որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Ս. Հասրաթյանը:

Նա հավելեց, որ ՊԲ-ի առաջապահ ուժերը շփման գծի ողջ երկայնքով իրականացնում են իրենց պարտականությունը և, «ինչպես միշտ, հանդես գալիս սեփական կամքը հակառակորդին թելադրողի դերում»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ շփման գծի Ֆիզուլիի շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից ոչնչացվել է 7 հայ զինծառայող:
 

Հասրաթյան. Հայկական կողմից զոհերի մասին տեղեկությունը սուտ է