.jpg)
Արտակ Վարդանյանը վերադարձել է. «Նոր թոք-շոու եմ վարելու». Լուսանկարներ
Life.Panorama.am-ը զրուցել է հաղորդավար-լրագրող Արտակ Վարդանյանի հետ:

-Ձեզ վաղուց եթերում չէինք տեսնում, ինչո՞ւ:
-Մեկնել էի Իտալիա՝ հեռուստալրագրության ոլորտում վերապատրաստման դասընթացների:
-Կարծեք նոր լիցքերով եք վերադարձել. նոր հաղորդում սկսեցիք: Ի՞նչ նոր խնդիրներ կբարձրացնի ձեր հաղորդաշարը:
-Այո, արդեն Արմնյուզ հեռուստաալիքով երկուշաբթիից ուրբաթ ժամը 18:00-ին «Երևանն է խոսում» թոք-շոուն է հեռարձակվում: Փորձում ենք կայանալ ու կամաց-կամաց ընդլայնում ենք մեր լսարանը: Օրը 24 ժամ ունի, բայց ես դրանով զբաղվում եմ օրը 28 ժամ (ծիծաղելով)…Մենք եթեր ենք վերհանում հարցեր, որոնք գուցե շատ անգամներ են հնչել, քննարկվել, բայց մենք փորձում ենք նոր ձևաչափերով այդ հարցերը քննարկել և նոր լուծումներ առաջարկել:

-Թեմատիկ ուղղվածություն ունի՞:
-Ոչ, թեմաների ընտրությունը շատ տարբեր է՝ սոցիալական, քաղաքական… Այն ամենը, ինչը մարդկանց, հատկապես երիտասարդներին հուզում ու անհանգստացնում է:
-Թեև դեռ չեմ հասցրել հետևել ձեր հաղորդմանը, բայց ինձ հիշեցրեց «Ազատ գոտին»:
-Գուցե ե՞ս եմ, որ հիշեցնում եմ «Ազատ գոտին», որովհետև դա իմ հեղինակային հաղորդումն էր: Ես արդեն մեկ ու կես տարի եթերում չէի և հիմա վերադարձել եմ վերապատրաստված ու բոլոր մանրուքներն ուսումնասիրած: Այնպես որ, նմանությունը միայն թոք-շուի ժանրն է և ես՝ հաղորդավարս:
-Արտակ, Հանրային հեռուստատեսությունից ձեր հեռանալը Իտալիա մեկնելու հե՞տ էր կապված, թե՞…
-Ինձ համար այդ փուլում առավել կարևոր և առաջնային էր կրթության մեջ կատարելագործվելը:
-Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի շրջանակներում ռեպորտաժներ էիք ներկայացնում: Համագործակցությունը շարունակվո՞ւմ է:
-Անպայման, որովհետև որպես ժուռնալիստ ես պարտավոր եմ մշտապես նաև այդ ֆորմայի մեջ լինել:
-Հասցնո՞ւմ եք հանգստանալ:
-Այս փուլում՝ ոչ:
-Առողջությանը վնաս չի՞:
-Երկարատև դադարից և վերապատրաստվելուց հետո պետք է այդ ամբողջ էներգիան օրգանիզմից հանել, հակառակ դեպքում վնաս կլինի:
-Իսկ եթե հասցնում եք, ինչպե՞ս եք հանգստանում:
-Հաճախում եմ լողավազան, սպա կենտրոն:
-Երբ մեկնեցիք վերապատրաստման, չմտածեցի՞ք այնտեղ գործունեությունը շարունակելու մասին:
-Պետք է լուրջ պայմանագիր լինի, որ ես կարողանամ լրագրողական գործունեությունս դրսում շարունակել: Առայժմ իմ համագործակցությունը Եվրոպայի հետ «Մեգապոլիս» հաղորդման շրջանակներում է, որը հեռարձակվում է Եվրոպայի 25 հեռուստաալիքներով: Հայաստանից ռեպորտաժներ եմ պատրաստում:
-Եթե համեմատություն անցկացնենք մեր և իրենց ժուռնալիստիկայի առումով, կարո՞ղ եք նշմարվող թերությունները նշել:
-Գիտեք, որքան էլ իմ մասնագիտական աճն ավելանում է, մեկ է, միշտ դժվարանում եմ թերություններ նշել: Կարծում եմ, մասնագիտական կարծիք հայտնելը շատ զգուշավոր ու բարդ գործ է: Յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով: Թերությունները պետք է նկատեն մասնագետները, ոլորտի շատ ավելի պրոֆեսիոնալ պատասխանատուները… Ինքս որևէ հեռուստահաղորդում երբևէ չեմ քննադատում:

-Ձեր ոլորտից ընկերներ ունե՞ք:
-Իմ շատ լավ ընկերն է «Ժամը» լրատվականի մեկնաբան Սոնա Թորոսյանը, Հ1-ի լրագրող, հաղորդավար Տիգրան Դանիելյանը: Ընկերներս շատ են…
-«Ազատ գոտիի» ձեր նախկին գործընկերների հետ ընկերական հարաբերությունները պահպանվո՞ւմ են:
-Ես երբեք գործնական հարաբերությունները ընկերայինի չեմ վերածել: Որպես գործընկերներ՝ այո, պահպանվում են…
-Իսկ հարաբերությունները Հանրայինի հետ ինչպիսի՞ն են:
-Շատ նորմալ, դրական…Շնորհակալ եմ, որ նման դպրոց եմ անցել: Նաև հիմա եմ հպարտ, որ աշխատում եմ Հայաստանի հանրապետության ամենամեծ մեդիա հոլդինգում:

-Արտակ, բամբասանքներին ինչպե՞ս եք վերաբերում:
-Անտեսում եմ… Հավատացեք, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է՝ քո մասին գիտե՞ս ինչ եմ լսել, պատասխանում եմ, որ դա ինձ հետաքրքիր չի…Իմ մտերիմ ընկերները շատ լավ գիտեն, որ դա իմ հետաքրքրությունների շրջանակներում չի տեղավորվում: Ես երբեք ինձ չեմ ծանրաբեռնում նման խոսակցություններով, նույնիսկ, երբ այդ խոսակցություններն ամենածայրահեղ աստիճանի են հասնում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: