.jpg)
Արաբագետ. Ո՞վ է ներկայացնում Բաշար ալ-Ասադին «Ժնև 2»-ում
Սիրիական հակամարտության անցած 3 տարիները մեզ հուշում են դրա հանգուցալուծման հեռու լինելու մասին: Շվեյցարիայում ընթացող սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը միտված «Ժնև 2» համաժողովին մասնակից կողմերի միջազգային հանրությանը հրամցվող դիրքորոշումներն ու հռետորաբանությունը մեծ հաշվով մնացել են անփոփոխ, ինչը նվազեցնում է «Ժնև 2»-ում սիրիական հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը: Այդուհանդերձ, կոնֆլիկտում ներգրավված կողմերը փորձել են հնարավորինս ներկայացուցչական ու ազդեցիկ պատվիրակություններով հանդես գալ «Ժնև 2»-ում, և հեծանիվ հայտնագործած չենք լինի, եթե հայտնենք, որ նման միջոցառումներում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնված այդ պատվիրակությունների կազմը նաև որոշակի մեսիջ է պարունակում:
«Ժնև 2»-ի բացման առաջին օրը` հունվարի 22-ին, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Սիրիայի արտգործնախարար Ուալիդ ալ-Մուալիմի միջև համաժողովի ընթացքում գրանցված միջադեպն անմիջապես հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ինչն էլ բազմաթիվ շահարկումների պատճառ դարձավ (լրատվական ռեսուրսներում ակտիվ քննարկվում էր ինչպես միջադեպը, այնպես էլ` ալ-Մուալիմի հետևում նստած պատվիրակության կին անդամներից մեկի վարքագիծը` տեսանյութի 2:23-2:26 րոպեները):
Կին պատվիրակը Բաշար ալ-Ասադի աշխատակազմում ԶԼՄ-ների հետ աշխատանքը կոորդինացնող Լունա աշ-Շաբալն է, ով ժամանակին աշխատել է սիրիական հեռուստաընկերություններից մեկում, այնուհետև 2003թ-ից աշխատել է «ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունում, դառնալով նրա ամենահայտնի հաղորդավարներից մեկը: Սակայն, 2010թ-ին աշ-Շաբալը մի քանի հեռուստալրագրողների հետ միասին հեռացվեց «ալ-Ջազիրայից», իսկ պատճառը մնաց անհայտ: Հետագայում Լունա աշ-Շաբալը բացահայտ մեղադրանքներով հանդես եկավ կատարյան «ալ-Ջազիրա» հեռուստաընկերության դեմ` մեղադրելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները կողմնակալ և շինծու լույսի տակ ներկայացնելու մեջ:
Ակնհայտ է, որ, սիրիական հակամարտության ներկա փուլում, Բաշար ալ-Ասադը փորձում է օգուտ քաղել կոնֆլիկտի հանգուցալուծմանը միտված ու դեռևս առաջընթաց չգրանցող գործընթացներից, միջազգային հարթակներում հանդես գալով այնպիսի երիտասարդ դեմքերով, ինչպիսին 38-ամյա Լունա աշ-Շաբալն է, ով մուսուլմանական հասարակական լայն շրջանակներին արդեն հայտնի է:
Լունա աշ-Շաբալի ընդգրկումը սիրիական պաշտոնական պատվիրակության կազմում պատահական չէ` այն ոչ միայն կարելի է դիտարկել որպես ներկայիս սիրիական իշխանություններին հավատարմության և մատուցած ծառայության դիմաց պարգևատրում, այլև սիրիական քաղաքական ասպարեզ պրոասադյան երիտասարդ սերնդին առաջ քաշելու յուրատեսակ փորձ` նրանց հավանաբար վերապահելով որոշակի դերակատարում հետագա Սիրիայում, որի ճակատագիրը որոշվում է նաև այսօր Շվեյցարիայում: