.jpg)
Օրենքը քարանձավի նեղլիկ մուտքից կմտնի՞ ներս
Աշխարհի տարբեր անկյուններում կարելի է քարանձավների հանդիպել, որոնք առաջացել են միլիոնավոր տարիների ընթացքում ու միշտ էլ գրավել են մարդկանց` իրենց խորհրդավորությամբ ու չբացահայտված գաղտնիքներով: Այսօր էլ քարանձավները մնում են զբոսաշրջային հետաքրքրությունների ծիրում, ինչից անմասն չէ նաև Հայաստանը:
Ամենատպավորիչ քարայրները գտնվում են այնտեղ, որտեղ շատ է կրաքարը, կրաքարի հիմնական մաս կազմող կալցիումի կարբոնատը հեշտությամբ լվացվում-տարվում է անձրևաջրով։ Ջուրը, ներծծվելով կրաքարի ճաքերի ու ճեղքերի միջով` առաջացնելով խորը թունելներ։ Առավել խոշոր քարայրերը կարստային են, երբեմն ունենում են մի քանի տասնյակ կիլոմետր երկարություն։
Հայաստանում կրաքարային կամ կարստային քարանձավները հիմնականում Վայոց Ձորի մարզում են, որոնց մի մասը ընդգրկված է մշակութային հուշարձանների ցանկում, իսկ պահպանությունն իրականցնում է մշակույթի նախարարությունը: Վերջին տարիներին քարանձավները զբոսաշրջության նպատակով շահագործելու քաղաքականություն է որդեգրել Մշակույթի նախարարությունը. Մրցույթ է հայտարարված Մագելի քարանձավի շահագործման մասով:
Նշենք, որ Մագելի քարանձավը հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ ունի, նաև հազարավոր չղջիկների բնակավայր։ Դրանք կազմում են Հայաստանի էկոլոգիական համակարգի անբաժան մասը: Մագելի անձավի չղջիկների պոպուլյացիան ամենաբազմազանն է, որտեղ բնակվում են եվրոպական չղջիկների տարբեր ներկայացուցիչների ավելի քան 65 %-ը։ Նրանց գաղութները հասնում են տասնյակ հազարավորների:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանը նշեց, որ Մագելի քարանձավում հանդիպում են ոչ միայն Հայաստանի, նաև միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիներ:
Ս. Բալոյանը սկզբունքորեն դեմ չէ քարանձավներըզբոսաշրջային նպատակով օգտագործելուն, սակայն պետք է նախքան շահագործելը բնապահպանական փորձաքննություն անցկացնել, ծրագիր ներկայացնել բնապահպանության նախարարություն, ուշադրություն դարձնել կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին:
«Եթե բոլոր չափանիշները հաշվի չեն առնվում, քարանձավները զբոսաշրջային կենտրոն սարքելով` կենսաբազմազանթյունը վտանգված է. պետք է կենսաբազմազանության մասնագետները եզրակացություն տան»,- ասաց ԲՆ ներկայացուցիչը:
Նրա համոզմամբ` քարանձավները զբոսաշրջային նպատակով շահագործելու համար պետք է օգտագործել միջազգային փորձը` պահպանելու քարանձավների կենդանատեսակները և բուսատեսակները, հիշեցնելով, որ հայաստանյան քարանձավներում մեծ է մարդկային գործոնի ազդեցությունը, մարդիկ հաճախ քարանձավներում խարույկ են վառում, ծխում են, լուսանկարում են, ինչը բացասաբար է ազդում կենդանատեսկաների վրա:
Սևակ Բալոյանը նաև հիշատակեց Մոզրովի կամ Արջի քարանձավը, որը կենսաբազմազանությամբ աչքի չի ընկնում, սակայն զբոսաշրջաիկների համար հետաքրքիր կլինի իր ստալակտիտներով ու ստալգմիտներով:
«Արջի քարանձավում հետաքրքիր է միկրոկլիման, այն ամառ-ձմեռ կայուն է` 10-13 աստիճան, մեկ երկու աստիճան է տատանվում»,- ասաց Ս. Բալոյանը:
Քարանձավները զբոսաշրջային նպատակով շահագործել երևի թե կարելի է, սակայն մտավախություն կա, որ չլինի ինչպես միշտ` թղթերի վրա ամեն ինչ օրենքի սահմաններում է, սակայն օրենքը քարանձավի նեղլիկ դռնից ներս չի մտնում: