27/01/2014 13:54
Քաղաքագետ. Մեր դիվանագիտությունը պետք է ավելի շատ պահանջող լինի
Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության հարցում դիվանագիտական «դեմարշի» հնարավորություն ուներ, որը չօգտագործեց՝ գնալով Փարիզ՝ Ադրբեջանի հետ բանակցելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ դա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո շատ ավելի տրամաբանական կլիներ:
«Այսինքն՝ ցույց տար, որ Հայաստանը միշտ չէ, որ պատրաստ է բոլոր պայմաններում բանակցելու, և որոշակի սահմանից այն կողմ չենք գնա բանակցություններին և կարող ենք ինքներս դառնալ նախահարձակվող՝ չբացառելով պատերազմի վերսկսման հնարավորությունը։ Ռ. Սաֆարովի արտահանձնումից ու նման դիվերսիայից հետո մեկ անգամ բանակցային փուլից հրաժարվելը ու կոնստրուկտիվիզմի դաշտ վերադառնալ պահանջելը, կարծում եմ, շատ ավելի ընկալելի կլիներ միջազգային հանրությանը»,-ասաց նա, նշելով, որ ի տարբերություն մեր բանակի, դիվանագիտությունը թույլ է։
Քաղաքագետի խոսքով՝ դիվերսիոն հարձակումները ուղղված են հակամարտության լուծմանը:
Նա նշեց, որ արտգործնախարարների հանդիպմանը որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
«Մեր դիվանագիտությունը պետք է ավելի շատ պահանջող լինի։ Ամեն ինչին պատրաստակամ լինելու մեր դիվանագիտությունը թուլացնում է մեր դիրքերը և թույլ տալիս Ադրբեջանին շարունակել իր սադրանքները»,-ասաց նա։