.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Ադրբեջանի ծայրահեղ արմատականացման միտումների մասին
Ակնհայտ է, որ «արաբական գարնանից» հետո Ադրբեջանն անմասն չի մնացել ակտիվացող արմատական իսլամական տրամադրություններից: Իսլամական ծայրահեղական խմբավորումների ակտիվությունն այս երկրում նկատվել է դեռևս ԽՍՀՄ փլուզումից ի վեր, երբ իսլամի շիական, սուննիական (այդ թվում՝ ծայրահեղ արմատական սալաֆիական), սուֆիական (նակշբանդիա, կադիրիա), ինչպես նաև թուրքամետ իսլամական ուղղությունները (նուրսիզմ և այլն)` ստանալով աջակցություն մի շարք արտաքին մուսուլմանական ուժային կենտրոններից, մարդասիրական և բարեգործական ծրագրերի ներքո հաստատվել և զգալի ազդեցություն են ձեռք բերել:
Ադրբեջանում նրանց գործունեությունն ուղղորդվում է այնպիսի արտաքին ուժերի կողմից, ինչպիսիք են «Անտառային եղբայրներ», «Ջեյշուլլահ», «Հիզբալլահ», «Ալ-Ջիհադ» և այլ խմբավորումները: Վերջիններիս գործունեության առանձնահատուկ ակտիվություն նկատելի է Ադրբեջանի հյուսիսային շրջաններում, բայց վերջին ժամանակներս վերոհիշյալ խմբավորումներն ավելի են ընդլայնել իրենց ազդեցության շրջանակները՝ ծավալվելով դեպի երկրի կենտրոնական և հարավային հատվածներ:
Ադրբեջանում սալաֆիական ուղղության հետևորդները հետ չեն մնում Մերձավորարևելյան տարածաշրջանում նկատելի համընդհանուր իսլամական արմատական գործընթացներից: Մեր հարևան երկրում արդեն իսկ զգալի թիվ են կազմում բարձրագույն կրթություն ստացած և նյութապես ապահովված երիտասարդները, որոնք արմատական սալաֆիական ուղղության հետևորդներ են և հաճախում են հատուկ մզկիթներ, ինչպիսին է օրինակ՝ Բաքվի «Աբու-Բաքր» մզկիթը (այստեղ բացի կրոնական հարցերից, քննարկվում են քաղաքական խնդիրներ):
Ադրբեջանի սալաֆիականացման միտումները չեն կարող չանհանգստացնել նրա հարևան երկրներին, մասնավորապես՝ ԻԻՀ-ին, քանի որ այլևս ակնհայտ է դարձել, որ Բաքվի իշխանությունները կամ անզոր են այդ շարժման դեմ պայքարել կամ իրենք նույնպես որոշակի հովանավորություն են ցուցաբերում սալաֆիականներին, որոնց ահաբեկչական բնույթի գործողություններում ակնհայտ են հակաիրանական շեշտադրումները: Ասվածի ապացույցներից է շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունը, երբ ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, որ ոմն ծայրահեղ իսլամական իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կոչ անելով սուննիադավաններին «իրանցի սատանաների», այսինքն՝ շիադավանների դեմ պատրաստվել զինված պայքարի:
Եթե Հայաստանը չլիներ Ադրբեջանի հարևանը, և մենք ծանոթ չլինեինք այդ երկրի իշխանությունների գործելաոճին, գուցե առնվազն զարմանք հարուցեր այն փաստը, թե ինչպիսի թեթևությամբ և անկաշկանդությամբ են այնտեղ գործում իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումները, որոնց շարքում սալաֆիականներն զբաղեցնում են իրենց ուրույն տեղը: