.jpg)
Ծննդյան արարողությունից հետո վիճաբանությունը ավատվել է սպանությամբ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ռուբեն Գևորգյանի (անունը փոխված է) դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Ռ. Գևորգյանին առաջադրված մեղադրանքի` նա ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել ` սպանել է Վարդան Վարդանյանին.
«Վ. Վարդանյանի ընկեր Ա. Խ.-ն, 2012թ. հուլիսի 8-ին ՀՀ Կոտայքի մարզի Կարենիսի ձորում մասնակցել է իր ծանոթ Կ. Ա.-ի ծննդյան արարողությանը, ուր հրավիրված է եղել նաև վերջինիս ազգական Գ. Կ.-ն: Խնջույքի մասնակից աղջիկներից մեկի նկատմամբ դրսևորված անհարգալից վերաբերմունքի պատճառով Ա. Խ.-ն դիտողության է արժանացել Գ. Կ.-ի կողմից և նրանց միջև վիճաբանություն է սկսվել , որը շարունակվել է Կարենիսի ձորում , որտեղ Ա. Խ.-ն Վ. Վ.-ի և մյուսների հետ խուլիգանական դրդումներով ծեծի են ենթարկել Գ. Կ.-ին և նրա ազգականներին:
Այնուհետև, Ռ. Գևորգանն իր ընկերներ Գ. Կ.-ի, Վ. Ղ.-ի և Ա. Մ.-ի հետ 2012թ. հուլիսի 8-ին ` 22-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցում ` թիվ 3 միջն. դպրոցի դիմացի հատվածում հանդիպելով այդ պահին ավտոմեքենայով միայնակ երթևեկող Վ. Վարդանյանին, նախորդած վիճաբանությունների , ապա` վերջինիս կողմից իր ընկերներին ծեծի ենթարկելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում Ռուբեն Գևորգյանն իր մոտ եղած առնվազն 19սմ շեղբի երկարություն ունեցող դանակով կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածել է Վարդան Վարդանյանի կենսական կարևոր օրգաններին` գլխի ծոծրակային հատվածին ` պատճառելով ծոծրակային շրջանի կտրած վերք, այնուհետև` որովայնի ` պատճառելով որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածք` լյարդի վնասումով, ներքին ու արտաքին սուր արնահոսությամբ` առաջացնելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որի հետևանքով Վարդան Վարդանյանը նույն օրը ` ժամը 23:10-ին հիվանդանոցում մահացել է>:
Ռ. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
2012թ. հուլիսի 11-ին որպես կասկածյալ տված իր ցուցմունքում Ռ. Գևորգյանը հայտնել է բառացիորեն հետևյալը.
« … Վարդանը … սեռական բնույթի լկտի հայհոյանք է ուղղել մորս հասցեին: Այդ պատճառով ես ավելի եմ կատաղել, կորցրել եմ ինքնատիրապետումս, … դանակով … հարվածել եմ Վարդանի որովայնի շրջանին …»:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Մ.Մակյանի, խորհրդակցական սենյակում քննության առնելով ամբաստանյալի, նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպամ Արթուր Սահակյանի և մեղադրող Տիգրան Պողոսյանի միջնորդությունները` ամբաստանյալ Ռ. Գևորգյանի նկատմամբ համապատասխանաբար ամբուլատոր դատահոգեբանական և համալիր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, պարզել է.
«Ըստ էության նախաքննության հենց սկզբում, դեպքից երեք օր անց, կասկածյալը հայտնել է, որ դեպքին անմիջապես նախորդող պահին տուժողի կողմից իրեն հասցված ծանր վիրավորանքի հետևանքով ինքը «ավելի է կատաղել», այսինքն, իր մոտ հնարավոր է հանկարծակի առաջացած լինի հոգեկան խիստ հուզմունքի վիճակ, որի հետևանքով ինքը «կորցրել է ինքնատիրապետումը», այսինքն ի վիճակի չի եղել ղեկավարելու իր գործողությունները: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր կասկածյալի նման հայտարարությունը գնահատել որպես իր պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքի մասին հայտարարություն և ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ պարզելու կասկածյալի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը:
Ձեռք են բերվել ապացույցներ, որ դեպքից ժամեր առաջ ամբաստանյալն իր ընկերներին տեսել է մի խումբ անձանց, որոնց թվում նաև գործով տուժողի կողմից դաժանորեն ծեծված վիճակում, այդ պատճառով հայտնվել է հոգեճնշված վիճակում, դեպքից րոպեներ առաջ տուժողը հակաիրավական, հակաբարոյական գործողություն է կատարել՝ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ամբաստանյալին և նրա ընկերներին, դեպքից անմիջապես առաջ տուժողը ծանրագույն վիրավորանք է հասցրել ամբաստանյալին՝ սեռական բնույթի լկտի հայհոյանք է ուղղել նրա մոր հասցեին, ամբաստանյալի համար, իր հոգեկերտվածքի և որոշակի հանգամանքների ուժով մոր նկատմամբ տածած նրա խորին որդիական կապվածության պարագայում անտանելի է եղել այդ վիրավորանքը և հնարավոր է, որ նա հայտնված լինի հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի վիճակում էլ, հնարավոր է, կատարել է քրեորեն պատժելի արարքը՝ դանակով մեկ անգամ հարվածել է տուժողի որովայնին: Դեպքից հետո ամբաստանյալը հայտնվել է հետաֆեկտիվ ասթենիկ վիճակին բնորոշ ուժասպառ վիճակում, ֆիզիկական և հոգեկան ուժերը լքել են նրան և նա տևական ժամանակ անհաղորդ է եղել այն ամենին, ինչ կատարվել է իր հետ ու իր շուրջը:
Վերոգրյալ փաստական նյութի հիմքով պաշտպանության կողմը կարծիք է հնչեցնում, որ Ռ. Գևորգյանը քրեական օրենքով արգելված արարքը կատարելու պահին գտնվել է իր ընկերներ Գ. Կ.-ի և մյուսների նկատմամբ տուժող Վ. Վարդանյանի գործադրած բռնության և իր մոր հասցեին վերջինիս կողմից հնչեցրած ծանր վիրավորանքի կապակցությամբ հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում և գործել է առանց գիտակցելու իր գործողության բնույթը և նշանակությունը, դրա վնասակարությունը և ի վիճակի չի եղել ղեկավարելու իր գործողությունը»:
Դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը: