.jpg)
«Միջազգային ոչ մի կառույց Ադրբեջանի խավիարոտ ձեռքի դեմ քայլ չձեռնարկեց»
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստում ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով կոչ է արել Եվրոպայի Խորհրդին` կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից միջազգային կառույցները քաղաքական կոռուպցիայի հարթակի վերածելու դեմ:
«Կարծում եմ կհամաձայնեք` ժամանակն է փոփոխություն կատարել քաղաքագիտական մտքում և ադրբեջանական խավիարը այսուհետ համարել քաղաքական լուրջ գործոն:
Ես կդժվարանամ անգամ հաշվել, թե այս ամբիոնից քանի անգամ է ասվել այն մասին, որ անթույլատրելի է նավթադոլարով ու խավիարով ժողովրադավարություն գնելու այն քաղաքականությունը, որը վարում է ԵԽ անդամ Ադրբեջանը: Ավելին, մեր որոշ գործընկերներ իրենց պատվավոր տեղն ունեն Ադրբեջանի խավիրակիրների շարքերում:
Սակայն, որևէ անգամ ոչ մեր, ոչ էլ միջազգային որևէ այլ կառույց, ուր հասել է այդ երկրի խավիարոտ ձեռքը այդպես էլ որևէ իրական քայլ չձեռնարկեցին` ժողովրդավարությունն ապականող այս երևույթի դեմ: Արդյունքում հասանք նրան, որ հոկտեմբերի սկզբին Բաքվում կայացած խայտառակ նախագահական ընտրությունները Եվրոպական խորհրդարանի իտալացի ներկայացուցիչ Պինո Արլակիի դիտորդական խումբը համարեց ազատ, արդար և թափանցիկ:
Այս աննախադեպ խայտառակ գնահատականը, բնականաբար, Եվրոպական խորհրդարանում մեծ սկանդալի պատճառ դարձավ: Եվ ինչ եք կարծում, ինչպե՞ս արդարացավ Արլակին: Նա հայտարարեց, որ ստել ու կեղծել է` հանուն Իտալիայի շահերի: Այսինքն, նա ստել է, քանի որ Իտալիան նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում:
Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը, «էկոնոմիստ» պարբերականի տվյալներով Անգոլայից և Բուրկինաֆասոյից ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանում կատարյալ ժողովրդավարություն է տեսել` հանուն Իտալիայի տնտեսական շահերի: Ի՞նչ է սա, եթե ոչ հրապարակային հայտարարություն` քաղաքական կոռուպցիայի մասին:
Բնականաբար, այս ամենը հետևանք է այն անգործության, որ դրսևորում են միջազգային կառույցները, այդ թվում մեր Վեհաժողովը: Ադրբեջանի նավթախավիարային քաղաքականության հանդեպ:
Եվ իհարկե, նույն այդ նավթադոլարային վստահությունն էր պատճառը, որ նախագահական ընտրություններից հետո Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը ԱՄՆ-ին մեղադրեց Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծելու պատվեր տալու մեջ:
Ըստ Ալիևի աշխատակազմի ղեկավարի` ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հորդորել են ընդդիմությանը գրել 25, իսկ Ալիևին` 75 տոկոս ձայն: Բնականաբար, նման սկանդալային հայտարարություն իրեն կարող էր թույլ տալ միայն այն երկրի պաշտոնյան, ով վստահ է, որ իրենք շարունակելու են միջազգային կառույցներին նստեցնել նավթի ու խավիարի իրենց ասեղի վրա:
Ինչո՞ւ, որովհետև չկա իրական հակազդեցություն միջազգային հանրության կողմից: Եվ երբ վերջերս «Ֆրիդըմ Հաուզը» Բրյուսելին կոչ արեց, որպես պատժամիջոց, դադարեցնել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները, բնականաբար, Բրյուսելն այդ առաջարկը մերժեց»,- իր ելույթում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ իրական ազատության միակ գրավականը անկախությունն է և կոչ անելով գործընկերներին թույլ չտալ, որ կառույցների անկախությունը գնեն Եվրոպայի վերջին բռնակալները»,- ասել է Ն. Զոհրաբյանը: