.jpg)
«Բեռը սերունդներին չթողնելու համար Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը»
«1.5միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսևորում: Մարդկային հասարակության դեմ երբևէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, օրինակ՝ հրեաների Հոլոքոստը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը:
Նշենք, որ հունվարի 27-ին` Անկարայում, Թուրքիայի նախագահ Գյուլը ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին և հայկական սփյուռքին կոչ է արել «անցյալի ցավերը հետևում թողնել և չփոխանցել սերնդեսերունդ»:
Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ անցյալի կնճռոտ խնդիրները ոչ թե մոռացության է պետք մատնել, այլ լուծել: «Կարծում եմ՝ թուրքական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ հաշտվելու սեփական պատմության հետ, և ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար` պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
Հակառակ դեպքում, իրականացնելով ժխտողական քաղաքականություն՝ նրանք կգործեն ոչ պակաս հանցագործություն, քան երիտթուրքական կառավարությունը»,- ասաց ԱԺ փոխնախահը: