.jpg)
Նարեկ Բավեյան. Երբ պատրաստվեմ ամուսնանալ, այդ մասին կասեմ, թաքուն չեմ պահի
Life.panorama.am-ը զրուցել է երգիչ Նարեկ Բավեյանի հետ:
.jpg)
- Ինչո՞վ եք այժմ զբաղված:
- Ես, Սերժոն և երիտասարդ ռեփեր Արշոն նոր երգ ենք պատրաստել, հիմա զբաղված ենք այդ երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով: Շատ գեղեցիկ, երիտասարդական երգ է՝ առաջին սիրո թեմայով:
- Փաստորեն տարին լավ եք սկսել: Իսկ ստեղծագործական առումով ինչպիսի՞ն էր ձեզ համար 2013 թվականը:
- Շատ լավ: 2013-ի վերջին ամիսներին ներգրավված էի ու աշխատում էի մի նախագծի վրա, որը շուտով կյանքի կկոչվի: Խոսքս «Սիրո կամուրջ» մյուզիքլի մասին է: Գլխավոր դերակատարներից մեկն եմ: Ներկայացնում եմ բացասական կերպար, ինչն ինձ համար շատ հետաքրքիր է:
- Ինչո՞վ է հետաքրքիր: Ձեզ նմա՞ն է կերպարը:
- Ոչ, ես ինձ չեմ համարում բացասական ու փողից հոռացած մարդ, ինչպիսին մյուզիքլի Նարեկն է: Պարզապես հետաքրքիր է մարմնավորել մի կերպար, որն ինձանից իրականում շատ հեռու է ու դրանով իսկ դժվար: Բայց փորձում եմ, աշխատում եմ, ու, կարծես թե, ստացվում է: Այնպես որ, 2013-ը ինձ համար ամենաշատը հենց դրանով էր կարևոր: Մյուզիքլը նորություն է, նոր հետաքրքիր աշխատանք, բոլորովին այլ մթնոլորտ, որտեղ ինձ շատ լավ եմ զգում որպես արտիստ. և երգում եմ, և որպես դերասան եմ հանդես գալիս, և պարում եմ:
.jpg)
- Իսկ ե՞րբ կլինի պրեմիերան:
- Առաջին երեք ներկայացումները լինելու են փետրվարի 7,8,9-ին:
- Նարեկ, մենահամերգի մասին մտածո՞ւմ եք:
- Երազում եմ, ոչ թե մտածում: Բայց այնքան բարդ է Հայաստանում դա իրականացնել:
- Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը, որ մեր երգիչները երկար տարիներ այդ ոլորտում լինելով՝ չեն կարողանում մենահամերգ ունենալ… Թեև կան այնպիսիք, որ մի քանի ամիս երևալուց հետո մենահամերգ են տալիս…
- Պետք է քո երգացանկում կոմերցիոն բնույթի երգեր ունենաս, որոնց համար շատերն այսօր համերգ են գնում ու լսում: Դրանք հիմնականում քեֆ-ուրախության երգեր են, մեծամասամբ 6/8, կամ ուղղակի թեթև, անիմաստ շարժումներ առաջացնող պարելու երգեր: Այնպես չի, որ ես նման երգեր չունեմ, ես նույնպես ունեմ, բայց դրանք իմ երգացանկի շատ փոքր մասն են կազմում՝ երևի 2-3 հատ: Այդքանով մենահամերգ չես տա…Իսկ իմ հիմնական երգացանկով շատ դժվար է մենահամերգ ունենալ, կամ էլ պետք է լինի փոքրիկ ակումբային դահլիճում: Իսկ մեծ բեմերի համար երևի երկար տարիներ են պետք, որպեսզի երգիչը, ունենալով ոչ կոմերցիոն երգացանկ, կարողանա դահլիճ լցնել:
.jpg)
-Բայց առանց այդ համերգների ինչպե՞ս պետք է գումար աշխատել: Չէ՞ որ ձեր աշխատանքը հենց երգելն է:
- Եթե ուշադիր եք եղել այսօրվա երգերի թեմաներին, հիմնականում ծնունդներն են, կնունքները, շնորհավորանքը, քավորն ու հարս ու փեսան: Չգիտեմ, արդեն մնում է լիմուզինի մասին երգեն: Այ դա է գումար աշխատելու միջոցն ու թեման:
- Իսկ դուք այլ վայրերում երգո՞ւմ եք:
- Այո, ակումբում եմ աշխատում:
- Մեր երգիչները մեծամասամբ ակումբներում են աշխատում, բայց խուսափում են աշխատել ռեստորանում: Ինչո՞ւմ է խնդիրը. ակումբում ձեր երգացանկից եք օգտվում, ռեստորաններում պատվերնե՞ր են լինում…
- Չգիտեմ, ես չեմ խուսափում: Որտեղ ես աշխատում եմ, լինում են նաև պատվերներ ոչ իմ երգացանկից, և եթե այդ պատվերներն իմ ոճին համապատասխան են և ես սիրում եմ, երգում եմ, ինչո՞ւ ոչ: Նաև, եթե հրավերներ են լինում ռեստորաններից, գնում եմ… Ես չեմ խուսափում և չեմ կարող բացատրել՝ ինչո՞ւ են ուրիշները խուսափում:
- Հայաստանում երգչի կարգավիճակից գո՞հ եք:
- Բացարձակ ոչ:
- Ֆինանսակա՞ն թե ուշադրության առումով:
- Շատ օրենքներ կան, որ չեն գործում, հոնորարներ կան, որ չեն համապատասխանում այն աշխատանքին, որ անում ես: Ֆինանսական խնդիրները շատ են:
- Եթե երգելը դիտենք զուտ աշխատանքի տեսանկյունից՝ դրանով հնարավո՞ր է ընտանիք պահել:
- Եթե համատեղում ես կոմերցիան և արվեստը՝ կապրես: Այ, եթե թքած ունենաս լավ երաժշտության վրա ու երգես միայն կոմերցիոն բնույթի երգեր՝ նույնիսկ շատ լավ կապրես: Բայց ես չեմ կարողանում այդպես անել:
- Բայց շատերն անում են…
- Այո, այսօր շատ լավ երգիչներ կան, որ դրանով իրենց կյանքն են դասավորում: Բայց կարելի է երեք նման երգ կատարելուց հետո մեկ նորմալ բան էլ պատրաստել չէ: Այդպես գոնե բալանսի կբերենք: Բայց, ցավոք սրտի, շատ լավ երգիչներ ընկել են գումար աշխատելու հոսանքի տակ: Երգի մեջ պետք է պոեզիա լինի, երաժշտություն, և ոչ թե միայն ջան-ջան, վույ-վույ: Մշակույթը պետք է մարտավարական նշանակություն ունենա, երաժշտությունը ևս ազդում է մարդու դաստիարակության վրա: Եթե երեխաները լսեն միայն «քեֆի երաժշտություն», միայն քեֆի մարդ են ձևավորվելու: Դե էլ չխոսեմ դասական երաժշտության խնդիրների մասին. դա մշակութային բարձր արվեստ է, որ պետք է պահպանվի:
.jpg)
- Եվ նման մթնոլորտի համար ո՞վ է մեղավոր:
- Ես հաճախ մեղադրում եմ բոլոր լրատվամիջոցներին, առանձնապես հեռուստաընկերություններին, որոնք անընդհատ լուսաբանում ու պտտեցնում են իմ և մյուսների թեթև գործերը: Մեզ շատ ավելի են լուսաբանում, մեր անունն ավելի հաճախ են տալիս, քան օպերային լուրջ երգիչների, որոնք դրսում մեծ հաջողություններ ունեն: Օրինակ, ինչո՞ւ են այդքան քիչ ցուցադրում մեր երիտասարդական նվագախմբի համերգները: Այնպես որ, բոլորս ընկել ենք պահանջարկի, ռեյտինգի ետևից, և զուտ բիզնես մտածողություն է ձևավորվել:
- Լավ է, որ ինքնաքննադատ եք: Նարեկ, եթե տարվա կտրվածքով հաշվենք, երգիչը որքա՞ն գումար է վաստակում և դրանից որքանը ծախսում գործունեության վրա:
- Դա կայուն չի: Շատ փողասեր մարդ չեմ ու չեմ կարող հաշվել՝ ինչքան աշխատեցի ու ինչքան ծախսեցի: Բայց այսպիսի բան կարող եմ ասել. նախորդ տարի պատրաստեցի երկու ոչ կոմերցիոն տեսահոլովակ, որոնք ավելի դաստիարակչական բնույթ ունեին: Երգերը գեղեցիկ պոեզիա ունեին, երաժշտություն: Այդ երկու տեսահոլովակի վրա ծախսել եմ 15.000 դոլարից մի փոքր ավել գումար, բայց նրանք բացարձակ եկամուտ չեն բերել: բայց մինչ այդ նկարահանել էի թեթև ու ավելի մատչելի տեսահոլովակ և ունեցա քառակի, հնգակի շահում: Երևի հաջորդ գործս էլ թեթև մի բան անեմ՝ գումար աշխատելու համար:
- Ինչո՞ւ, գումար է անհրաժեշտ:
- Չգիտեմ, ինձ համար արդարացում եմ ստեղծել, թե ինչ, բայց ասեմ. այդ գումարը հետո ծախսում եմ ավելի իմաստալից, ոչ շահութաբեր երգի վրա: Այսինքն՝ աշխատում եմ գումար՝ լավ բան ստեղծելու համար:
- Մի փոքր անձնականից խոսենք: Մի շրջան եղավ, որ պարմանուհիները մտածեցին, թե մի հայտնի փեսացու ևս պակասեց ոլորտից, քանի որ ձեր անձնականը, կարծեք թե դասավորվել էր:
- Չեմ ցանկանա այդ մասին խոսել, դա արդեն անցած-գնացած, փակ թեմա է…
- Իսկ հիմա անձնական կյանքում ի՞նչ եղանակ է:
- Գուցե լինեն քայլեր, փոփոխություններ իմ կյանքում: Երբ պատրաստվեմ ամուսնանալ, այդ մասին կասեմ, թաքուն չեմ պահի:
- Ամեն դեպքում՝ կարելի՞ է ասել, որ սիրահարված եք…
- Ո՞վ ասաց (ծիծաղելով)…Ես ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում:
- Իսկ կապ ունի՝ ի՞նչ ասպարեզից կլինի ձեր ապագան:
- Բացարձակ, լավ մարդը ամեն տեղ էլ լավ մարդ է…
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: