.jpg)
«Օլանդը Թուրքիայի իշխանություններին փորձեց հասկացնել` նրանց հաշվետու չէ»
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Թուրքիա կարևոր էր գոնե իր հնչեղությամբ, և ֆրանս-թուրքական հարաբերություններում, այսպես ասած, ջերմաչափի դեր է կատարում: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Ֆրանսուա Օլանդի` Թուրքիա կատարած այցի մասին, նման կարծիք հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Օլանդի այցը Թուրքիա, շարունակեց խոսքը փորձագետը, կարևոր իրադարձություն է ոչ միայն մեր տարածաշրջանի առումով, այլև` եվրոպական քաղաքականության:
«Թուրք-ֆրանսիական և ընդհանրապես Եվրոպա-Թուրքիա հարաբերությունները բազմաշերտ, բազմաբովանդակ, հարուստ օրակարգով հարաբերություններ են. «Հարցեր կան, որտեղ նրանք սերտորեն համագործակցում են, ի վերջո ռազմավարական դաշնակիցներ են, բայց հարցեր կան, որտեղ տարաձայնություններ ունեն»,- ասաց փորձագետը` օրինակ բերելով Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները, որտեղ Ֆրանսիայի դիրքորոշումը մերժողական է:
«Եվրոպան Թուրքիայի հանդեպ ընդհանուր դիրքորոշում չուներ, նրա նկատմամբ տարբեր աստիճանի բարեհաճ վերաբերմունք կար, իսկ Ֆրանսիայի դիրքորոշումն առավել բացասական է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Օլանդի հայտարարությանը, ապա Ռ. Մեհրաբյանը նկատեց, որ այդ հարցը դարձվել է միջպետական հարաբերություններ պարզելու գործիք, որն ամենևին չի բխում Հայաստանի շահերից.
«Սա ճնշում գործադրելու լրացուցիչ գործիք է, որը օգտագործվում է նաև տեղի հայ համայնքին սիրաշահելու համար, սակայն, ցավոք, նպատակը խնդրին արդարացի լուծում տալը չէ»:
Ցեղասպանության հարցն արխիվի և անցյալի պատմության հարց համարելը, փորձագետի գնահատմամբ, այնքան էլ քաղաքական օրակարգի հարց չէ. «Ակտուալ քաղաքականության պատասխանատուները սկսում են խոսել արխիվներից, անցյալից, մենք էլ փորձում ենք ծափահարել, թե հայանպաստ բան է ասել, սակայն իրականում հայանպաստը ՀՀ արտաքին քաղաքականության առաջխաղացմանը նպաստող քաղաքականությունն է»:
Եզրափակելով խոսքը` Ռ. Մեհրաբյանն ասաց, որ Օլանդը փորձեց թուրքական իշխանություններին հասկացնել, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հարցն իր օրենսդրության ներքին խնդիրն է և ինքը Թուրքիային հաշվետու չէ: