.jpg)
Արմինե Գրիգորյան. Եթերը ողողված է հնդկա-արաբական երգերով
Life.panorama.am-ի այսօրվա հյուրը 90-ականներին հայտնի երգչուհի, կամ, ավելի ճիշտ՝ հումորիստ երգչուհի Արմինե Գրիգորյանն է:

-Հիմա ինչո՞վ եք զբաղված:
-Երգում եմ JOSE ակումբում: Քանի որ Երևանում համերգներ չկան, այդ բեմով եմ բավարարվում: Նախկինում համարվում էր, որ վատ է, երբ երգիչը ակումբում է աշխատում: Ինքս էլ մի պահ դուրս եկա, տարիներով ակումբներում չերգեցի: Բայց արդեն տարի ու կես է երգում եմ ու գոհ եմ, քանի որ, որպես բեմի մարդ, անընդհատ ֆորմայի մեջ եմ լինում:
-Իսկ ակումբում երգելը ֆինանսապես ապահո՞վ է:
-Այո, նորմալ է: Չեմ բողոքում: Համենայնդեպս այնպես չի, որ դրա հույսով ենք ապրում: Գուցե օր լինի, որ առանց դրա հնարավոր չլինի, բայց, ամեն դեպքում, դա հիմնական չի:
-Արմինե, արդեն որքան ժամանակ է, պասիվ եք, քիչ եք երևում: Ինչո՞վ է պայմանավորված:
-Նախ ասեմ, որ բավական ժամանակ Հայաստանում չէի, Ռուսաստան էի մեկնել: Բարեկամուհիս այնտեղ ռեստորանների ցանց է բացել, իրեն իմ մասնագիտական աջակցությունն ու օգնությունն էր պետք: Իսկ ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, տարվա երկրորդ կեսին նոր նախագիծ եմ ուզում ներկայացնել: Տեսնենք, ինչ կստացվի:
-Իսկ ո՞ր ժանրում և ո՞ր հեռուստաալիքով:
-Հեռուստաալիքը դեռ չեմ որոշել: Ժանրը անպայման հումորային կլինի: Առաջ Աստված՝ շատ լավ բան է լինելու:
-Ասացիք, որ Ռուսաստանում էիք, այնտեղ ապրելու, աշխատելու առաջարկներ չստացա՞ք:
-Առաջարկներ միշտ էլ ստացել եմ, բայց ես ինձ այստեղ՝ իմ երկրում, իմ հողում եմ լավ զգում: Սա է իմ տունը…Եթե չհանեն, ոչ մի տեղ էլ չեմ գնա:
-Ի՞նչ է նշանակում հանեն:
-Դե, շատ են գնում Հայաստանից: Չեմ էլ հասկանում՝ հանում ե՞ն, թե՞ գնում են:
-Ժամանակին մի երգ ունեիք, որը ձեզ մեծ ճանաչում բերեց: Երգի վերջին տողն էր «Եվ մի վախեցիր գայլից ու բուից»: Ասում են քաղաքական ենթատեքստ ուներ:
-Իսկապես մարդիկ այդ երգը շատ սիրեցին: Բայց ասեմ, ես երբեք քաղաքական ենթատեքստով երգեր չեմ երգել: Դա ևս բացառություն չէր: Պարզապես մարդիկ այդպես խոսում էին:
-Իսկ հիմա ինչո՞ւ նոր երգեր, տեսահոլովակներ չեք պատրաստում:
-Նոր երգեր ունեմ, բայց տեսահոլովակ վերջին անգամ 13-15 տարի առաջ եմ նկարահանել: Նայում ես, լուրջ տղամարդ է կանգնած երգում, բայց հնդկական գույնզգույն հագուստով է ու պարում է մոտավորապես «ՋԻՄՄԻՆԵՐԻ» պարը, հետևից էլ պարախումբը՝ նույն ոճով: Ամենակարևորն այն է, որ բոլորը մրցակցության մեջ են, թե ո՞վ է ավելի լավ Ջիմմիի պես պարում: Դա էլ դեռ բավական չի, բոլորի տեսահոլովակները իրար նման են: Ու ամեն տեղ նույն պարողները, նույն ռեժիսորները, գործիքավորողները, երգ գրողները: Չեն գիտակցում, որ ժողովուրդը հոգնել է անընդհատ այդ նույն 20 հոգուն լսել և տեսնել: Հասկացանք, որ այսօր իրենց ժամանակն է, բայց հնարավորություն ունենալու պատճառով անընդհատ զզվեցնել մարդկանց՝ ինձ համար անհեթեթություն է: Այդքանից հետո ինչո՞ւ տեսահոլովակ նկարեմ: Մեկ է, ինչ էլ անես, պետք է նմանվես բոլորին, քանի որ ստանդարտներից դուրս լինելը մեր ազգի համար դավաճանության պես մի բան է: Դա է պատճառը, որ նախընտրում եմ տեսահոլովակ չնկարել: Եվ ոչ միայն…

-Արմինե, տարբերությունները շա՞տ են այն ժամանակների և այժմյան շոու-բիզնեսի միջև:
-Մեր սերունդը, բացի ձայնային տվյալներից, գոնե գիրք էր կարդացել և էթիկայի կանոններ գիտեր: Այսօր միայն ձայնային տվյալներ ունենալով (շատ հաճախ դա էլ չի լինում)՝ իրենց վերջն են զգում: Դա է պատճառը նրանց դատարկության և անգրագիտության: Հասկացանք, որ պարտադիր չի երգիչը դպրոցում գերազանց սովորած լինի, բայց տարրական կուլտուրայի բացակայությունն ու գռեհկությունը հնարավոր չի թաքցնել: Բեմից և էկրանից ամեն ինչ երևում է: Մեր ժամանակ կար մի թեմա՝ չերգել ռաբիս: փոխարենը պետք էր որակյալ երաժշտությունն այնպես զարգացնել, որ ռաբիսը ուժ չունենար ներխուժել մեր առօրյա: Բոլորը միայն դեմագոգիայով էին զբաղված, ասում էին, որ փակվի ռաբիսը: Անկեղծ ասած՝ կարծում եմ, նախանձում էին ռաբիս երգողներին՝ ավելի շատ փող աշխատելու համար: Այսօր հերիք չի այդ նույն ռաբիսը թևավորվեց ու հզորացավ, ընթացքում ստեղծվեց նաև արաբական մուղամախառը երաժշտություն: Վերջերս էլ եթերը ողողված է տարօրինակ հնդկա-արաբակա-հայկական լադերով տարօրինակ երգերով ու շատ տարօրինակ տեսահոլովակներով: Տպավորություն է, որ հնդկական ֆիլմից մի հատված է գնում ու գլխավոր դերում Ջիմմին է…
-Վերջերս Սամվել Գրիգորյանի դուստր մասնակցում էր երաժշտական նախագծի, որը շատ խոսակցությունների առիթ դարձավ…
-Մեզ համար դա նորմալ է, քանի որ և ես, և եղբայրս վաղուց ենք անցել այդ ամենի միջով: Ես չէի ցանկանում, որ երեխան էլ անցնի: Դա աննպատակ սթրես է: Բայց կարող եմ շատերին հանգստացնել՝ ինքը չի պատրաստվում երգչուհի դառնալ, նա Տնտեսագիտական համալսարանի «Տուրիզմ և կառավարում» բաժինը շուտով կավարտի և իր գործով կզբաղվի:
-Կարծեք, դուք ավելի տաքարյուն եք, քան Սամվելը, այո՞:
-Չէ, ուղղակի այդ բամբասանքների միջով շատ եմ անցել: Ամեն դեպքում ուրախ եմ, որ Նարեն չի ցանկանում երգչուհի դառնալ: Մեր մասնագիտությունը 40-ից հետո ոչ-ոքի պետք չի: Օրինակ հեռուստաընկերությունները մինչև 25 տարեկան աշխատակիցներ են պահանջում: Մարդիկ երևի այդ տարիքից հետո պետք է գնան մեռնեն:

-Արմինե, ինչպիսի՞ մթնոլորտ է հիմա ձեր անձնական կյանքում:
-Ինչպես միշտ՝ շատ բարվոք: Եթե ամուսնացած չեմ, ուրեմն բարվոք է (ծիծաղելով): Ես ինձ այսպես լավ եմ զգում: Կարծում եմ, դեռ շուտ է:
-Մենա՞կ եք ապրում:
-Այո, միշտ էլ մենակ եմ ապրել: Ներկա պահին եղբորս տանն եմ ապրում, ամսի 11-ին կտեղափոխվեմ:
-Իսկ ինչո՞ւ եք եղբոր տանը:
-Բնակարանս վաճառել եմ, նոր տուն եմ առել… Շուտով կահավորված կլինի և կգնամ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: