.jpg)
Ասկերանում խելագարված զինվորի հայր. Գազ չունեինք, հիմա էլ լույս են անջատում
Ասկերանի զորամասում խելագարված ժամկետային զինծառայող Հովհաննես Վարդանյանի հայրը՝ Վարդան Վարդանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց 2 օր ժամանակ են տվել՝ կոմունալ վարձերը վճարելու համար, սակայն իրենք գումար չունեն:
«Գազ չունենք, երեկ էլ էլեկտրիկը անջատեց լույսը: Ասեցի՝ ես հիվանդ երեխա եմ պահում, ո՞նց ես անջատում, ասեց՝ չգիտեմ, կվճարես, կմիացնես: Այսօր առավոտյան եկավ միացրեց, ասեց, խիղճս տանջում է, քեզ 2 օր ժամանակ եմ տալիս, ես էլ իրան ասեցի, որ, միևնույն է, գումար չունեմ»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք դիմե՞լ են հանրակացարանի տնօրենին, որտեղ ապրում են, Վ. Վարդանյանը պատասխանեց, որ նա հրաշալի անձնավորություն է, օգնում է՝ ինչով կարողանում է, սակայն չի կարող իրենց փոխարեն կոմունալ վարձերը վճարել:
Վ. Վարդանյանի խոսքով՝ գումարի պատճառով երկու անգամ բաց են թողել բժշկի մոտ այցելությունը: Նա նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը դիմելու մասին չի մտածում, որովհետև չգիտի՝ արդյոք կընդառաջե՞ն իրեն և ե՞րբ:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից Aysor.am-ի թղթակցին հայտնել էին, որ գործը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով:
Նախորդող հրապարակում՝ Ասկերանում խելագարված զինվորին ՊՆ-ն 10 հազար դրամ օգնություն է խոստացել