.jpg)
Աժ-ում քննարկվել է ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը: Հիմնական զեկուցող, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը նշել է, որ զեկույցի ստեղծման համար ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության խորհրդի 2006-2013 թթ. ընդունած բոլոր որոշումները, 270 վճռաբեկ բողոքները, որոնք վարույթ են ընդունվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից (2012-2013 թթ.): Ուսումնասիրվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 500 դիմումների ընթացքը (2011-2013 թթ.), 200 վճռաբեկ բողոքները և դրանց վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումները (2007-2013 թթ), փաստաբանների կողմից տրամադրված շուրջ 35 դատական գործեր:
Ուսումնասիրվել են նաև Սահմանադրական դատարանի որոշումները և տարեկան հաղորդումները, Վճռաբեկ դատարանի տարեկան հաշվետվությունները, դատական համակարգին առնչվող օրինագծերը, միջազգային կազմակերպությունների զեկույցները, փորձագիտական կազմակերպությունների կարծիքներն ու եզրակացությունները: Զեկույցում օգտագործվել են նաև ՀՀ դատական դեպարտամենտի և Արդարադատության նախարարություն կողմից տրամադրված վիճակագրական տվյալներ: Պետրոսյանը ներկայացրել է արդարադատության խորհրդում և վճռաբեկ դատարանում արձանագրված խախտումները և երկակի ստանդարտները, դատական համակարգի օրենսդրական խնդիրները:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն առաջարկել է արտահերթ զեկույցի կարևոր դրույթները ներառել մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում, քանի որ արտահերթ զեկույցները ԱԺ նիստում չեն քննարկվում: Տիկին Պետրոսյանը համամիտ էր առաջարկին:
Զեկույցը հանձնաժողովում ընդունել է ի գիտություն:
Հանձնաժողովը Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգեց մինչև մեկ տարով:
Նիստի ընթացքում քննարկվեել է նաև հանձնաժողովի առաջիկա աշխատանքային գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: