.jpg)
Սերժ Սարգսյան. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցումը նշանակում է սահմանների բացում
«Իմ կարծիքը չի փոխվել, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն առաջին հերթին ԵՄ անդամ երկրների գործն է: 28 երկիր առանձին-առանձին պետք է համաձայնություն տան այս հարցին, իսկ սա նշանակում է, որ բարդ գործընթաց է 28 երկրից համաձայնություն ստանալը»,- Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հարցին, նման դիրքորոշում հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Ս. Սարգսյանի խոսքով, Թուրքիայի անդամակցումը նշանակում է սահմանների բացում. «Իհարկե, մեզ համար շատ ավելի հեշտ կլինի գործ ունենալ ժողովրդավար, կանխատեսելի երկրի հետ, իսկ ԵՄ անդամ լինել` հենց սա է նշանակում: Մենք, ինչպես տարիներ առաջ, հիմա նույնպես, կարծում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է հարաբերություններ ստեղծեն առանց նախապայմանների: ԵՄ-ին անդամակցումը այսպիսի նախապայմաններ է ստեղծում:
Ես կասկած չունեմ, որ եվրոպական շատ երկրներ շահեր ունեն Թուրքիայից, բայց միևնույն ժամանակ ես կասկած չունեմ, որ ԵՄ-ում գերակայում են արժեքները, և ոչ թե շահերը: Վստահ եմ նաև, որ Թուրքիայի անդամակացումը բավական հիմքեր է ստեղծում, որպեսզի Թուրքիան առանց վախենալու առերեսվի իր պատմության հետ, որովհետև ԵՄ անդամ երկրի այդպես վարվելը շատ ճիշտ օրինակ է»:
Նշենք, որ երկու երկրների նախագահների համատեղ ասուլիսը հեռարձակվում էր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերով:
Նախորդող հրապարակում` «Պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը»