Թուրքական սակարկումն ակտիվ ընթացքի մեջ
30/01/2014 19:17

Թուրքական սակարկումն ակտիվ ընթացքի մեջ

Թուրքիայի կողմից ձեռքբերվելիք մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համալիրների մրցույթում 2013 թ. որոշում կայացվեց հաղթող ճանաչել չինական կողմին: Մի կողմից ԱՄՆ-ն, մյուս կողմից էլ ՆԱՏՕ-ն` անհանգստացած էին այդ որոշմամբ, և Թուրքիային պարբերաբար սխալն ուղղելու կոչեր ու հորդորներ էին անում: Եվ հիմա էլ մինչ ընթանում են ՀՕՊ համալիրների գնման ու նաև արտադրության շուրջ հիմնական բանակցությունները չինական կողմի հետ` առաջարկ-փաթեթով է հանդես եկել թուրքական հայտամրցույթից դուրս մնացած իտալա-ֆրանսիական «Eurosam» ընկերությունը` Թուրքիային առաջարկելով սեփական արտադրության ՀՕՊ համալիրների համար նոր գնային պայմաններ, չնայած մանրամասներ չեն նշվել:

Հայտամրցույթին ամերիկյան ընկերությունը և եվրոպական վերոնշյալ կոնսորցիումը համալիրների մրցույթին 4 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ առաջարկ էին ներկայացրել, իսկ չինական ընկերությունը` շուրջ 3 մլրդ 400 մլն դոլար, ինչը համեմատաբար էժան էր ստացվում մյուսներից:

Բացի այդ, չինական կողմը համատեղ արտադրության շուրջ դրական պատասխան էր տվել, ի տարբերություն մյուս մասնակից կողմերի: Ներկայում թուրքական կողմն սպասում է ամերիկյան և եվրոպական ընկերություններից ավելի շահեկան պայմաններ, այդ թվում` համատեղ նախագծման ու արտադրության հարցում, քանի որ մինչև իսկ վերջերս համատեղ արտադրության Թուրքիայի ցանկությանը դրականորեն չէին վերաբերվում: Թուրքիայի կողմից սա բանեցվող շահարկման քաղաքականություն է, որի միջոցով փորձում է ստանալ իր համար ցանկալի նպաստավոր պայմաններ: Իսկ այն հանգամանքը, որ Թուրքիան միացել է ՆԱՏՕ-ի միասնական ՀՀՊ համակարգին և մաս է կազմում դրան, նվազագույնի է հասցնում թուրքական բանակում չինական ՀՕՊ-ՀՀՊ համալիրների առկայության հնարավորությունը, ինչը չի հանդուրժի առաջին հերթին ՆԱՏՕ-ն` բացի զուտ տեխնիկական դժվարություններից, որ կարող են առաջանալ: 

Թուրքական սակարկումն ակտիվ ընթացքի մեջ